Ի՞նչ օգտակար հատկություններ ունի ելակը
Եվ այսպես, քաղցրահամ ու հյութեղ մրգերի սեզոնը համարվում է բացված։ Թոփ տասնյակում հատապտուղների թագուհի ելակն է, որը սիրում են գրեթե բոլորը։ Սակայն թե ի՞նչ օգտակար և վնասակար հատկություններ ունի այն, գիտեն քչերը։ Ելակը հարուստ է վիտամին C-ով և հակաօքսիդանտներով, ինչի շնորհիվ արդյունավետ պայքարում է ուռուցքային հիվանդությունների դեմ, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը։ Վիտամին C-ն օգնում է պահպանել նաև մաշկի առաձգականությունը։
Պարբերաբար ելակ օգտագործելու դեպքում հնարավոր է նվազեցնել սրտի նոպայի ռիսկը։ Այն դրական ազդեցություն է ունենում նաև հիշողության վրա, օգտակար է սրտին, իջեցնում է վնասակար խոլեստերինի մակարդակը, էներգիայի մեծ աղբյուր է։ Ելակը հարուստ է ածխաջրերով (գլյուկոզա, ֆրուկտոզա), որոնք շատ արագ վերածվում են էներգիայի։ Բացի այդ, մեծ քանակությամբ բջջանյութի շնորհիվ արագ հագեցնում է օրգանիզմը՝ չծանրաբեռնելով այն։ Ելակի չափից շատ օգտագործումը, սակայն, կարող է առաջացնել կողմնակի ազդեցություններ։
Չափից շատ օգտագործումը նվազեցնում է արյան մակարդելիությունը, ինչը կարող է մակարդելիության խանգարում ունեցող մարդկանց մոտ հանգեցնել կապտուկների և արնահոսության։ Բացի այդ, ելակը կարող է վնասակար լինել երիկամների խնդիրներ ունեցողների համար։
Եվ վերջում՝ շատ կարևոր է հանգամանքը, թե որտեղից եք գնում ելակը, քանի որ այն սպունգի նման ներծծում է փոշին ու կեղտը։ Հետևաբար խուսափե՛ք գնել փողոցում վաճառվող ելակները, իսկ մինչև ուտելը լավ լվացեք այն։