ԱՄՆ-ի տնտեսական աճը 1976 թվականից առաջին անգամ գերազանցել է Չինաստանի տնտեսական աճը․ Bloomberg
Աշխարհի երկրորդ խոշոր տնտեսությունը՝ Չինաստանը, այս տարի կաճի ընդամենը 2 տոկոսով, գրում է Bloomberg-ը։
Համեմատության համար՝ ԱՄՆ-ի համախառն ներքին արդյունքն այս տարի կաճի 2,8 տոկոսով, կանխատեսում է լրատվական գործակալությունը։
Թեեւ Պեկինը հարկաբյուջետային, դրամավարկային եւ կարգավորող խթանիչ միջոցներ է կիրառում, դրանց ազդեցությունը բթանում է նախագահ Սի Ծինփինի «զրոյական կորոնավիրուսի» քաղաքականությունից, որը պահանջում է գործունեության խիստ սահմանափակումներ վիրուսների բռնկման ժամանկ: ԱՄՆ-ը, թեեւ փորձում է հաղթահարել բարձր ինֆլյացիան, դեռեւս աջակցություն է ստանում մեծ փոխառություններից եւ սպառողական ծախսերի բարձր մակարդակից:
1970-ականների վերջին մեկնարկած «բարեփոխումների եւ բաց լինելու» արշավից հետո Չինաստանը աճի ավելի բարձր տեմպեր է ցույց տալիս եւ դեռեւս շատ հնարավորություն ունի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի առումով ԱՄՆ-ի հետ տարբերությունը կրճատելու համար:
«Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը, որը Կոնգրեսի օրենսդիրներին կոչ է անում ընդունել օրենքների փաթեթ՝ ուղղված է Չինաստանի հանդեպ ԱՄՆ-ի մրցունակության բարձրացմանը, կօգտվի աճի այս հարաբերական արդյունքից: Նա իր տնտեսական օրակարգը ձեւակերպել է մասամբ այն բանի համար, որպեսզի ցույց տա, թե կարող են արդյոք ժողովրդավարությունները դիմակայել Սի Ծինփինի ավտորիտար մոդելին»,- ասվում է հոդվածում: