Աֆղանստանի կին հեռուստահաղորդավարները բաց դեմքով են եթեր դուրս եկել
Աֆղանստանի կին հեռուստահաղորդավարները շաբաթ օրը եթեր են դուրս եկել առանց իրենց դեմքը ծածկելու՝ ի հեճուկս իրենց արտաքինը թաքցնելու թալիբների հրամանների՝ խիստ իսլամական օրենքներին համապատասխանելու համար, հաղորդում է AFP-ն:
Անցյալ տարի իշխանության վերադառնալուց հետո թալիբները մի շարք սահմանափակումներ են մտցրել քաղաքացիական հասարակության հմար, որոնցից շատերն ուղղված են կանանց եւ աղջիկների իրավունքների սահմանափակմանը:
Այս ամսվա սկզբին Աֆղանստանի գերագույն առաջնորդը օրենք է հրապարակել, որով կանանցից պահանջվում է հանրության առաջ ծածկել իրենց ամբողջ դեմքը, իդեալական՝ ավանդական շղարշով:
Բարերարների խրախուսման եւ արատի կանխարգելման նախարարությունը կարգադրել է կին հեռուստահաղորդավարներին հետեւել այդ օրինակին։
Նախկինում նրանցից պահանջվում էր միայն գլխաշոր կրել։
Սակայն TOLOnews, Shamshad TV եւ 1TV հեռուստաալիքները շաբաթ օրը եթեր են հեռարձակել հաղորդումներ՝ ցուցադրելով կին հաղորդավարների դեմքերը։
«Մեր կին գործընկերները մտահոգված են, որ եթե ծածկեն իրենց դեմքերը, հաջորդ բանը, որը նրանց կասեն, չաշխատելն է»,- ասում է Shamshad TV-ի լրատվական բաժնի ղեկավար Աբիդ Էհսասը:
Աֆղանստանի ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Մոհամմադ Սադեկ Ակիֆ Մոհաջիրն իր հերթին ասել է, որ կանայք խախտում են թալիբների հրահանգը։
«Եթե նրանք չենթարկվեն, մենք կխոսենք հաղորդավարուհիների ղեկավարների եւ խնամակալների հետ»,- ասել է նա AFP-ին: «Ցանկացած մարդ, որն ապրում է որոշակի համակարգում եւ կառավարությունում, պետք է ենթարկվի այդ համակարգի օրենքներին եւ հրահանգներին, ուստի պետք է կատարի հրամանը»,- ասել է նա։
Թալիբները պահանջել են աշխատանքից հեռացնել կառավարությունում աշխատող կանանց, եթե նրանք չհետեւեն նոր դրես-կոդին։
Կառավարությունում աշխատող տղամարդիկ նույնպես ենթակա են աշխատանքից ազատվելու վտանգի, եթե նրանց կանայք կամ դուստրերը չենթարկվեն:
Մոհաջիրն ասել է, որ լրատվամիջոցների ղեկավարները եւ անհնազանդ կին հաղորդավարների տղամարդ խնամակալները նաեւ կտուգանվեն, եթե հրամանը չկատարվի:
Ավելի վաղ հեռուստաալիքներն արդեն դադարել էին ցուցադրել դրամաներ եւ սերիալներ կանանց մասնակցությամբ՝ հետեւելով թալիբների հրահանգին։