Ռուսաստանը «սեւ ցուցակում» է ներառել Ջո Բայդենին եւ ԱՄՆ ավելի քան 900 քաղաքացիների
ԱՄՆ-ի կողմից մշտապես կիրառվող հակառուսական պատժամիջոցներին արձագանքելու եւ մեր ազգային «ստոպ ցուցակի» կազմի վերաբերյալ ստացվող հարցումների առնչությամբ ՌԴ ԱԳՆ-ը հրապարակում է Ամերիկայի քաղաքացիների ցուցակը, որոնց մշտական հիմունքներով արգելված է մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
«Ընդգծում ենք, որ Վաշինգտոնի կողմից ձեռնարկված թշնամական գործողությունները, որոնք բումերանգի պես հարվածում են հենց ԱՄՆ-ին, այսուհետ եւս պատշաճ պատասխան կստանան։ Ռուսական հակապատժամիջոցները պարտադրված բնույթ են կրում եւ միտված են ստիպել ամերիկյան իշխող ռեժիմին, որը փորձում է նեոգաղութային «կանոնների վրա հիմնված աշխարհակարգ» պարտադրել մնացած աշխարհին, փոխել իր վարքագիծը՝ ճանաչելով աշխարհաքաղաքական նոր իրողությունները։
Ռուսաստանը չի փնտրում առճակատումներ եւ բաց է ազնիվ, փոխադարձ հարգանքով երկխոսության համար՝ առանձնացնելով մեր կողմից միշտ հարգված ամերիկացի ժողովրդին, ռուսաֆոբիա հրահրող ԱՄՆ իշխանություններից եւ նրանց սպասարկողներից։ Հենց այս մարդիկ են ընդգրկված ռուսական «սեւ ցուցակում»,- ասվում է հայտարարության մեջ։
Ընդհանուր առմամբ, ցուցակում ընդգրկված են ԱՄՆ 963 քաղաքացիներ, այդ թվում՝ նախագահ Ջո Բայդենը եւ նրա որդի Հանթերը։