Ադրբեջանական համայնքի նախկին ղեկավարին Ռուսաստանից արտաքսել են
Մոսկվայի մարզի ադրբեջանական համայնքի նախկին ղեկավար Ղալիբ Աղաեւին արտաքսել են Ռուսաստանի Դաշնությունից, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ Ղալիբ Աղաեւը Ռուսաստանից արտաքսվել է մայիսի 19-ին:
Ղալիբ Աղաեւի հետ Ռուսաստանից արտաքսվել է նաեւ սփյուռքի ակտիվիստ, «Патриот ТВ» Youtube-ալիքի ադմինիստրատոր Ջեյհուն Ալիեւը, որը ժամանակին եղել է ոմն գործարար Ֆիզուլի Մամեդովի օգնականը։ Իրավապահների ուղեկցությամբ նրանց տեղափոխել են Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայան եւ արտաքսել Ադրբեջան։
Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ Ղալիբ Աղաեւին արտաքսելու որոշումը կայացվել է անցյալ տարվա վերջին՝ Մոսկվայի մարզի Խիմկիի քաղաքային դատարանի կողմից։
Դատարանը Աղաեւին մեղավոր է ճանաչել վարչական իրավախախտում կատարելու մեջ եւ տուգանել է 5000 ռուբլու չափով՝ Ռուսաստանի տարածքից բռնի արտաքսմամբ։ Բացի այդ, դատարանը որոշել է Ղալիբ Աղաեւին տեղավորել Եգորսկի քաղաքային շրջանում գտնվող Ռուսաստանի ներքին գործերի նախարարության օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր պահման կենտրոնում։
Ադրբեջանական սփյուռքի նախկին ղեկավարը մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կողմից Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու (բնակության) ռեժիմը խախտելու հոդվածով, ինչպես նաեւ փաստաթղթեր չունենալու, կամ այդ փաստաթղթերը կորցրած լինելու եւ համապատասխան մարմիններին այդ մասին չտեղեկացնելու, կամ որոշակի ժամկետի ավարտից հետո Ռուսաստանի Դաշնությունից հեռանալուց խուսափելու հոդվածներով։