Սիրիան կոչ է արել դադարեցնել աջակցությունը Թուրքիայի սատանայական մտահղացումներին
Սիրիան բացարձակապես չի ընդունի «անվտանգության գոտի» ստեղծելու մասին թուրքական վարչակարգի ղեկավարի հայտարարությունները՝ կոչ անելով այդ հանցավոր նախագծերը ֆինանսավորող երկրներին անհապաղ դադարեցնել սատանայական ծրագրերի իրագործման ձգտող ռեժիմին աջակցությունը։ Սիրիան կհակազդի այս դավադրությանը տարբեր օրինական միջոցներով: Այս մասին ասվում է Սիրիայի ԱԳՆ հայտարարության մեջ, որը հրապարակել է SANA լրատվական գործակալությունը։
«Սիրիայի հյուսիսում անվտանգ գոտի ստեղծելու մասին թուրքական վարչակարգի ղեկավարի էժանագին հայտարարություններից հետո բացահայտվում են նրա ագրեսիվ ծրագրերը սիրիացի ժողովրդի եւ երկրի տարածքային ամբողջականության դեմ»,- ասվում է Սիրիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
ԱԳՆ-ը պարզաբանել է, որ նման գոտու ստեղծումն ամենեւին ուղղված չէ Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ սահմանային տարածքների պաշտպանությանը, այլ, ընդհակառակը, ծառայում է հիմնական նպատակին՝ գաղութացնել եւ ստեղծել «անվտանգ գոտի» կոչվող պայթուցիկ ֆորպոստ, որը հիմնականում օգնում է իրականացնել ահաբեկչական ծրագրեր՝ ուղղված սիրիացի ժողովրդի դեմ։
Նախարարությունն ընդգծել է, որ, այսպես կոչված, «անվտանգ գոտին» իրականում էթնիկ զտում է եւ բնակչության տեղահանում, վտանգ է ներկայացնում նրանց կյանքի, ապագայի համար եւ սպառնում է առճակատման հանգեցնել երկու հարեւան երկրների միջեւ։ Համաձայն միջազգային իրավունքի, բնակչության տեղահանումը եւ էթնիկ զտումները ռազմական հանցագործություն են եւ հանցագործություն մարդկության դեմ, քանի որ ժողովրդագրական փոփոխությունները եւ բնիկների արտաքսումը ոտնձգություն են քաղաքացիների իրավունքների դեմ:
«Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարությունը կտրականապես մերժում է նման գործողությունները եւ կոչ է անում տարածաշրջանային եւ այլ օտարերկրյա պետություններին, որոնք ներդրումներ են կատարել այդ չարագործությունները ֆինանսավորելու եւ քարոզելու համար, անհապաղ դադարեցնել աջակցությունը թուրքական վարչակարգին, որը ցանկանում է իրականացնել սատանայական հավակնությունները՝ կանխելու համար այդ ծրագրերի իրականացումը, ինչը հղի է տարածաշրջանի եւ աշխարհի համար վտանգներով։
Յուրաքանչյուրն, ով արդարացնում է այդ գործողությունները, թաքնվում է կարգախոսների ետեւում եւ խրախուսում է թուրքական ապատեղեկատվությունը անվտանգ գոտու ստեղծման մասին, այս հանցավոր սխեմայի անբաժանելի մասն է կազմում։ Սիրիայի տարածքային ամբողջականությունը եւ նրա ժողովրդի միասնությունը պետք է դառնան այդ սխեմաներին հակազդելու բացարձակ չափանիշ, այլ ոչ թե երկրի հյուսիս-արեւելքում կամ հյուսիս-արեւմուտքում անջատողական շրջաններ ստեղծելու կոչ։
Սիրիան կոչ է անում միջազգային հանրությանը չհրահրել Էրդողանին այլ երկրների հողերի վրա՝ հանուն անհեռատես նպատակների հասնելու, որոնք աղետալի հետեւանքներ կունենան տարածաշրջանում եւ աշխարհում անվտանգության, խաղաղության եւ կայունության համար, հատկապես որ Էրդողանի անհամաչափ գործողությունները սպառնում են աշխարհի շատ հատվածներին, ինչը հանգեցնում է միջազգային իրավունքի հեղինակության եւ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության խարխլմանը»,- ասված է հայտարարության մեջ։