Սիրտը Մեծ Թաղերի լեռներում. շեփորահար Վահագնը
Առնո Բաբաջանյանի «Իմ սիրտը լեռներում»-ն է հնչում թանձր շեփորից։ Վահագն Աբաղյանը մտովի Հադրութի Մեծ Թաղեր գյուղի լեռներում է, որտեղից նվագը սահում, հասնում է Էջմիածին՝ երաժշտական մրցույթին ու լցնում դահլիճը։
Շուշեցի 17-ամյա Վահագնն արժանանում է ժյուրիի ամենաբարձր գնահատականին՝ ստանալով Գրան պրի։
Վահագնին տեսանք ելույթից հետո, դրսում լուռ կանգնած։ Նա արցախցի 16 մասնակիցներից մեկն է, ով եկել է Էջմիածին՝ մասնակցելու երաժիշտների «Փոքրիկ քայլ» հանրապետական մրցույթին։
Վահագնը ծնվել է Երևանում, նրա ծնողները Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից են։ Հորը կորցրել է վաղ տարիքում։ Մոր ու մեծ եղբոր հետ 3 տարեկանից տեղափոխվել են ապրելու Շուշի։
Շուշիում Վահագնը ընդունվել է Դանիել Ղազարյանի անվան երաժշտական թեքումով դպրոց, որտեղ և ընտրել է շեփորը։
«Գործիքի տեսքն առաջին հայացքից դուրս եկավ, Շուշիում էլ կար շեփորի լավ մասնագետ, էդպես, սկսեցի շեփոր նվագել»,- պատմում է Վահագնը:
Ընտանիքում եղե՞լ են երաժիշտներ, ոնց սկսվեց ծանոթությունդ երաժշտության հետ
Ընտանիքում երաժիշտ չկա, բայց, երևի, պապիցս է եկել սերը, երբ փոքր էի, ամառները՝ արձակուրդներին, շատ էի գնում պապիենցս տուն՝ Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղ. շատ ջրվեժներ, գետեր կային էնտեղ, շատ էի սիրում լողալ, ձուկ բռնել։
Մեծ Թաղերում Ղարիբ պապս շվիներ էր պատրաստում ինքն իր համար, ո’չ երաժշտական կրթություն ուներ, ո’չ նոտա գիտեր, բայց ուզածդ մեղեդին, երգը կարում էր նվագել, ես էլ փոքր ժամանակ շատ էի սիրում Մեծ Թաղեր գնալ՝ պապիկիս մոտ, ասում էի՝ պապ էս կնվագես ու մի փոքր կտոր երգում էի, պապս շարունակում էր արդեն ամբողջը շվիով նվագել։
Երևի, մեր Շուշիի տանից շատ ափսոսում եմ Մեծ Թաղերի կորստի համար. պապիկիս տանն էր անցել ողջ մանկությունս։
Ունե՞ս սիրելի ստեղծագործություն՝ գրված շեփորի համար
Ալեքսանդր Հարությունյանի շեփորի կոնցերտը, իհարկե։ Այն նվագել եմ տարբեր տարիքում, ամեն տարիքի հետ յուրովի եմ ընկալում ու մեկնաբանում, ինչքան էլ նվագես՝ կատարելության չի հասնում, միշտ էլի տեղ կա։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: