Պատմություն, թե ինչպես Լենինականի թատրոնը փրկեց ռոքը սովետի ժամանակ
«Դիփ Փարփլ» ռոք խմբի բաս կիթառահար Ռոջեր Գլովերը մի առիթով ասել է. «Եթե այլմոլորակայինները հայտնվեին երկրի վրա ու հարցնեին ինձ` ի՞նչ կա երկրագնդի վրա, որ արժանի է մեր ուշադրությանը, ես նրանց կառաջարկեի ռոք լսել»:
«Ռոքը կարող է ազատություն բերել աշխարհին եւ մարդկանց մտքերին»,- պնդում է ժամանակակից ռոք երգչուհի Թեյլոր Մոմսեն: Իսկ ի՞նչ զարգացում ուներ ռոքն անցած դարի 70-ականների խորհրդային Հայաստանում, մասնավորապես՝ Լենինականում:
«Սովետը վերահսկում էր, շատ ժամանակ բեմ չէին տրամադրում. խնդիրներ կային: Եթե Կոմպոզիտորների միության անդամ չէիր, դու իրավունք չունեիր համերգների ժամանակ քո գրած երգերը երգելու. կոմունիստների ժամանակ գրաքննությունը շատ խիստ էր,- ասում է «Բամբիռ» ռոք խմբի հիմնադիր-ղեկավար Գագիկ Բարսեղյանը (Ջագ),-եւ մենք ստիպված էինք տարբեր միջոցների ու խորամանկությունների դիմել: Ասենք, սկզբնական շրջանում, որ ելույթներ էինք ունենում, կոնֆերանսիեն հայտնում էր՝ կոմպոզիտոր Դանիել Մուշեղյան, մենք ելնում, երգում էինք, մինչեւ խառնված ուզում էին հասկանալ, թե ով է Դանիել Մուշեղյանը, երգը պրծնում էր: Ու էդպես ամեն անգամ տարբեր անուններ էինք տալիս, հետո, իհարկե, գլխի ընկան, որ խաբում ենք: Պարզ էր, որ նման ձեւով շատ երկար ճանապարհ չէինք կարողանալու գնալ եւ այստեղ օգնության հասավ թատրոնը»:
Բայց մինչեւ «Բամբիռի» ծնունդն ու թատրոնի հետ համագործակցությունը, խմբի տղաներին քաղաքում ճանաչում էին այլ անունով՝ «Անգին քարեր»: 1970-ականներն էին՝ երկար մազերի, «հոլիդեյ» շալվարների, ծաղկավոր վերնաշապիկների, կարճ շրջազգեստների, ազատ սիրո մասին զրույցների, հիպիների ու ռոք երաժշտության վերելքի շրջանը: 16-17 տարեկան տղաներ էին հավաքված «Անգին քարեր» խմբում, երգում էին հայտնի ռոք խմբերի ստեղծագործությունների քավր տարբերակներն ու երազում մեծ բեմերի մասին: Չնայած տարատեսակ հալածանքներին՝ ազատության հովերով տարված մի քանի պատանիներ փորձում էին Լենինականում ձեւավորել երաժշտասերների նոր խավ:
«Հետո ես բանակ գնացի: 1975թ.-ին զորացրվեցի, եկա, պարզվեց՝ մի խայտառակ վիճակ է խմբում, կիսասովետական ինչ-որ երգեր են երգում, ու ես որոշեցի, որ լավ կլինի ռոքին ուժը տալ,- Ջագը ծխախոտի ծխից կկոցում է աչքերը՝ փորձելով մտովի վերականգնել անցյալը,- իմ գրած երգերն էինք երգում, բայց դե էդ «անտեր» թուղթը չունեինք: Էդ ժամանակ ռեժիսոր Վլադիմիր Քոչարյանը մեր խմբին առաջարկեց երաժշտություն գրել «Սեր, ջազ, սատանա» ներկայացման համար: Դա 1976թ.-ին էր թե՛ ներկայացումն էր ռիսկային, թե՛ մեր ներգրավումն էդ ներկայացման մեջ, որովհետեւ խումբը բեմի վրա կենդանի էր կատարելու երգերը: Բայց, հրաշալի ներկայացում ստացվեց, որ երկար ժամանակ խաղացին: Մարդիկ դուռ-լուսամուտ էին ջարդում, որ մտնեն, ներկայացումը նայեն»: Ներկայացման մեջ խաղում էին Ռազմիկ Բադալյանը, Վահան Արծրունյանը, Կարինե Սուքիասյանը, իսկ Վլադիմիր Քոչարյանը ոչ միայն բեմադրիչն էր, այլեւ՝ գլխավոր դերակատարը:
-Բայց դուք ռոք խումբ էիք, ի՞նչ կապ ունի ռոքը ջազի հետ,-զարմանում եմ ես:
Ջագը ծիծաղում է.
-Եսի՞մ, իմ տեղեկություններով պիեսը սկզբում կոչվել է «Սեր, ռոք, սատանա», հետո դարձրել են՝ ջազ: Դե ասենք, եթե կա սեր ու սատանա, ջազն ինչ է անում էդտեղ, պիտի ռոք լինի: Ուղղակի էնպիսի տարիներ էին, որ ջազն ավելի անվնաս էր, էն ժամանակ ջազն ընդունված էր, ջազն ավելի կսիրեին, բայց դե մենք բեմում ռոք ու բլյուզ կնվագեինք:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: