Երկրի վրա կորած կենդանիների մոտ 500 տեսակ կա, որոնք անհետացած չեն հայտարարվել
Երկրի վրա կորած կենդանիների մոտ 500 տեսակ կա, որոնք անհետացած չեն հայտարարվել։ Այս մասին հոդվածը հրապարակվել է Animal Conservation-ում։
Հետազոտողները ուսումնասիրել են Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքի 32 820 տեսակների մասին տեղեկատվությունը: Համաձայն Միության կանոնների՝ տեսակը համարվում է անհետացած, «երբ կասկած չկա, որ վերջին աարարածը մահացել է»։ Սա բավականին դժվար է ստուգել։ Ընդհանուր առմամբ 1500 թվականից անհետացած է հայտարարվել ցամաքային ողնաշարավորների 311 տեսակ։
Կանադայի Սայմոն Ֆրեյզերի համալսարանից Առնե Մյուերսը վերլուծել է, թե կենդանիների քանի տեսակ կարելի է կորած համարել, այսինքն՝ նրանց ներկայացուցիչները չեն երեւացել ավելի քան 50 տարի։ Ընդհանուր առմամբ, գիտնականները հաշվել են 562 տեսակ՝ 257 սողուն, 137 երկկենցաղ, 130 կաթնասուն եւ 38 տեսակի թռչուն։ Նրանց մեծ մասն ապրում է բարձր կենսաբազմազանություն ունեցող երկրներում՝ Ինդոնեզիայում (69 տեսակ), Մեքսիկայում (33 տեսակ) եւ Բրազիլիայում (29 տեսակ)։ «Մենք հուսով ենք, որ այս պարզ ուսումնասիրությունը կօգնի ապագա որոնումների ժամանակ ուշադրություն հրավիրել այս կորած տեսակների վրա»,- գրում են հեղինակները։
Գիտնականները հուսով են, որ ապագա հետազոտական ջանքերը կկենտրոնանան բացահայտված վտանգավոր շրջանների վրա, որտեղ շատ տեսակների գոյությունը հարցականի տակ է: Դրանց անհետացումը կա՛մ պետք է հաստատվի, կա՛մ հերքվի։