Փոլ Մաքքարթնին գլխավորել է բրիտանացի ամենահարուստ երաժիշտների ամենամյա վարկանիշային աղյուսակը
The Beatles-ի նախկին անդամ Փոլ Մաքքարթնին The Sunday Times-ի կողմից ճանաչվել է 2022 թվականի Բրիտանիայի ամենահարուստ երաժիշտը։
Մաքքարթնիի կարողությունը գնահատվում է 865 միլիոն ֆունտ ստեռլինգ, վարկանիշի երկրորդ տեղում են U2-ի անդամները՝ 625 միլիոն ֆունտ ստերլինգ կարողությամբ, եռյակը եզրափակում է Էնդրյու Լլոյդ Ուեբերը (495 միլիոն ֆունտ): Մեծ Բրիտանիայի ամենահարուստ երաժիշտների տասնյակում են նաեւ Էլթոն Ջոնը, Սթինգը, Էդ Շիրանը եւ Ռինգո Սթարը: Նաեւ, ըստ հրապարակման, Սթինգի կարողությունն աճել է այն պատճառով, որ նա Universal-ին վաճառել է իր երաժշտական կատալոգը։
Անցյալ տարի Մաքքարթնին նույնպես գլխավորել էր Մեծ Բրիտանիայի ամենահարուստ երաժիշտների ցանկը։ Կատարողների կարգավիճակի մասին տեղեկատվությունը հավաքվում է ոչ միայն երաժշտական գործունեությունից ստացված եկամուտներից, այլեւ անշարժ գույքում կամ բիզնեսում ներդրումներից, սակայն չի ներառում այնպիսի գաղտնի տեղեկատվություն, ինչպիսին է բանկային հաշիվներում առկա գումարը: