Հնդկաստանի նախկին վարչապետ Ռաջիվ Գանդիի սպանության մեջ մեղադրված Փերարիվալանը ազատ է արձակվել
Հնդկաստանի գերագույն դատարանը բանտարկությունից 31 տարի հետո ազատ է արձակել Հնդկաստանի նախկին վարչապետ Ռաջիվ Գանդիի սպանության մեջ մեղադրված տղամարդուն։
Գերագույն դատարանը կիրառել է արտակարգ լիազորությունները՝ ազատ արձակելու համար Ա.Գ. Փերարիվալանին, CNN-ին տեղեկացրել է նրա փաստաբանը։
Փերարիվալանը կալանավորվել էր 1991թ. մայիսի 21-ին մահապարտ ահաբեկչի կողմից հարավային Թամիլ Նադու նահանգում Գանդիի սպանությունից մի քանի շաբաթ հետո։
Հարձակման մեջ մեղադրվել էին անջատողական ապստամբները, որոնք պայքարում էին Շրի Լանկայում թամիլական պետության համար։ Գանդիի սպանությունը դիտարկվում էր որպես հատուցում 1987թ. Շրի Լանկա զորքեր ուղարկելու նրա որոշման համար, որպեսզի ապահովվեր խաղաղ համաձայնագրի պահպանումը եւ վերջ դրվեր կղզում մոլեգնող քաղաքացիական պատերազմին։
Փերարիվալանին, որը հարձակման պահին 19 տարեկան էր, մեղադրեցին ռումբի համար կուտակիչներ գնելու մեջ։ Նա դատապարտվեց սպանության կատարման հանցավոր դավադրության համար։
Նա 1998թ. դատապարտվել էր մահապատժի վեց հոգու հետ միասին, բայց 2014թ. դատավճիռը փոխարինվեց ցմահ բանտարկությամբ։