Արևմտյան ռազմավարական ուղղությամբ իրավիճակը բնութագրվում է որպես ՌԴ սահմանների մոտ ռազմական սպառնալիքների աճ. Շոյգու
Արևմտյան ռազմավարական ուղղությամբ իրավիճակը բնութագրվում է որպես ՌԴ սահմանների մոտ ռազմական սպառնալիքների աճ։ Այս մասին ռազմական գերատեսչության կոլեգիայում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ Եվրոպայում ԱՄՆ ռմբակոծիչների թռիչքների ինտենսիվությունը աճել է 15 անգամ (տարեկան 3-ից հասնելով 45-ի)։
Ավելի քան 10 զորամաս կհայտնվի Արեւմտյան ռազմական շրջանում՝ ի պատասխան Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ուժեղացման, ասել է Սերգեյ Շոյգուն։ «Մինչեւ տարեվերջ Արևմտյան ռազմական շրջանում կձեւավորվի 12 զորամաս եւ ստորաբաժանում»,- ասել է նախարարը՝ նշելով, որ լարվածությունը շարունակում է աճել Արեւմտյան ռազմական շրջանի պատասխանատվության գոտում, այդ թվում՝ դաշինքին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի հնարավոր անդամակցության պատճառով։
Պաշտպանության նախարարի խոսքով՝ հակազդեցության միջոցները կհամապատասխանեցվեն զորքերին ժամանակակից սպառազինության եւ ռազմական տեխնիկայի մատակարարման հետ։
Շոյգուն նշել է, որ ձմեռային ուսումնական շրջանի արդյունքների վրա հիմնված վերահսկողական ստուգումները ցույց են տվել շրջանի կազմավորումների պատրաստվածության մակարդակի 25 տոկոս որակական աճ՝ նախորդ տարվա համեմատ։
Ռազմական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Բալթյան նավատորմի նավերի կողմից մարտական պատրաստության առաջադրանքների ինտենսիվությունն աճել է 42 տոկոսով։ Կատարվել է ավելի քան 300 մարտական վարժանք՝ տարբեր զինատեսակների կիրառմամբ։ Տարեսկզբից շրջանի օդային հարձակումն աճել է 4 տոկոսով։
ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի հետ միասին վարժանքներ է իրականացնում՝ Եվրոպայում զորքեր եւ Արկտիկական, Արեւմտյան, Հարավարեւմտյան ռազմավարական ուղղություններում խմբեր տեղակայելու համար։
Նրա խոսքով, ներկայումս ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն մեծացնում են օպերատիվ եւ մարտական պատրաստության մասշտաբները ՌԴ սահմանների մոտ, անցկացվում է «Եվրոպայի պաշտպան» զորավարժությունների շարքը, որին մասնակցում են մինչեւ 40 000 զինվորականներ դաշինքի 30 երկրներից։ «Զորավարժությունների հիմնական առանձնահատկությունը ԱՄՆ-ից եվրոպական մայրցամաք լիարժեք դիվիզիայի տեղափոխումն է, ինչպես նաեւ երեք ռազմավարական ուղղություններով՝ արկտիկական, արեւմտյան եւ հարավարեւմտյան, զորքերի խմբի տեղակայումը:
Նախարարը նաեւ նշել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել Ռուսաստանի ամենամոտ հարեւանները՝ Ֆինլանդիան եւ Շվեդիան։ «Այսպիսով, Արեւմտյան ռազմական շրջանի պատասխանատվության գոտում լարվածությունը շարունակում է աճել։ Մենք համարժեք դիմակայության միջոցներ ենք ձեռնարկում»,- ընդգծել է Շոյգուն։