Արմեն Պողոսյանը կարող է դասվել այն դատավորների շարքը՝ ում հետ հույսեր է կապում հասարակությունը. փաստաբան
Արմեն Պողոսյանը և Աջափնյակ նստավարի մի քանի այլ դատավորներ կարող են դասվել արդեն իսկ բոլորիս հայտնի այն դատավորների շարքը՝ ում հետ հույսեր է կապում հասարակությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատերազմում նահատակված Մխիթար Գալեյանի հորեղբոր՝ Արթուր Գալեյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Արդեն տեղեկացրել եմ, որ երեկ, ուշ գիշեր, դատարանը որոշում կայացրեց քննիչի միջնորդությունը՝ հիմնավոր կասկածի բացակայությամբ մերժելու մասին և Ա․Գալեյանը արգելանքից ազատվեց։
Ցանկանում եմ անդրադառնալ մի կարևոր հանգամանքի․
Էական չէ թե որքանով էր հիմնավոր կամ ոչ հիմնավոր քննիչի միջնորդությունը, որքանով էին հիմնավոր կամ ոչ հիմնավոր պաշտպանական կողմի առարկությունները։
Էական է այն իրողությունը, որ երեկ ԴԱՏԱՎՈՐ Արմեն Պողոսյանի կողմից իրականացվեց, բառիս բուն իմաստով, միջնորդության ՔՆՆՈՒԹՅՈՒՆ։ Միջնորդության քննությունը օրենսդրական դատավարական ձևակերպում է, սակայն գործնականում և հիմնականում դատարաններում բողոքի քննություն չի իրականացվում։ Դատավորը ֆորմալ դատավարական պահանջների ապահովումից հետո լսում է քննիչին, պաշտպանին ու մեղադրյալին և անցնում որոշման կայացմանը։ Սակայն նմանատիպ գործընթացը չի համապատասխանում ,,Միջնորդության քննություն,, դատավարական եզրույթի էությանն ու բովանդակաությանը։ Դատավոր Արմեն Պողոսյանը իրականացրեց միջնորդության դետալային քննություն, բազմաթիվ հարցեր ուղղվեցին թե պաշտպանական կողմին և թե քննիչին, Դատարանը ձեռնամուխ եղավ բոլոր հանգամանքների մանրակրկիտ քննությանը, որն էլ հիմք հանդիսացավ օբյեկտիվ որոշման կայացման համար։
Միջնորդությունների նման քննությունը հույս է առաջացնում, որ արդարադատության համակարգը դեռ վերակենդանալու շանսեր ունի, իսկ Արմեն Պողոսյանը և Աջափնյակ նստավարի մի քանի այլ դատավորներ կարող են դասվել արդեն իսկ բոլորիս հայտնի այն դատավորների շարքը՝ ում հետ հույսեր է կապում հասարակությունը»,- գրել է Հովհաննիսյանը։