«Shame», «ամոթ». Հյուրանոց մուտք գործած պատգամավորներին թույլ չէին տալիս մտնել ֆորումի սրահ. Իրավիճակը լարվեց
ԱԺ ընդդիմադիր մի քանի պատգամավորներ մուտք գործեցին «Մարիոթ» հյուրանոց, որի սրահներից մեկում այս պահին ընթանում է Freedom House միջազգային կազմակերպության կողմից կազմակերպված «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորումը:
ԱԱԾ ՊՊԾ աշխատակիցները ընդդիմադիր պատգամավորներին թույլ չտվեցին մուտք գործել սրահ, որտեղ ներկա են իշխանության ու միջազգային կառույցների ներկայացուցիչներ։
«Մենք ուզում ենք ներս մտնել ու միջազգային հանրությանն իրազեկել, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում։ Ես ուզում եմ պատմել քաղբանտարկյալ իմ ընկերոջ մասին, որ պայքարել է Արցախում»,-ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատագմավոր Թադևոս Ավետիսյանը։
Պատգամավորներին ասվեց, որ հատուկ միջոցառում է, ներս մտնելու համար պետք է կապվել կազմակերպիչների հետ, ցուցակում կավելացվի պատգամավորների անունները եւ նրան կկարողանան ներս մտնել:
Այդ պահին Աննա Գրիգոևրյանը փորձեց առանց թույլտվության մտնել ներս, սակայն նրան ուժով չթողեցին: Այստեղ է նաեւ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը:
Աննա Գրիգոևրյանը հայտարարեց. «Փաստացի արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանը մնալու է փակ դռների հետևում, ոստիկանական պատնեշների հետևում։ Նա չի կարող ազատ շրջել Հայաստանում»:
Հյուրանոց մուտք գործած պատգամավորները սկսեցին վանկարկել «shame», «ամոթ», «առանց Նիկոլ Հայաստան», «պայքար»։
Նշենք, որ քննարկմանը նախատեսված է Նիկոլ Փաշինյանի ելույթը, միջոցառմանը ներկա են ԵՄ և ԱՄՆ դեսպանները, ինչպես նաև իրավապաշտպան մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչներ: