Չինաստանը ձգտում է համալրել իր ռազմավարական պաշարները ռուսական էժան նավթով․ Bloomberg
Չինաստանը ձգտում է համալրել իր ռազմավարական պաշարները ռուսական էժան նավթով, գրում է Bloomberg-ը։
Պեկինը բանակցություններ է վարում Մոսկվայի հետ լրացուցիչ ծավալներ ձեռք բերելու համար։ Նավթը կօգտագործվի Չինաստանի նավթի ռազմավարական պաշարները համալրելու համար, եւ բանակցություններ են ընթանում կառավարության մակարդակով՝ նավթային ընկերությունների աննշան ուղղակի մասնակցությամբ, հայտնում են աղբյուրները:
Նավթի եւ գազի բարձր գների դեմ պայքարելու համար Չինաստանը կազմակերպել է վառելիքի ներկրման տարբեր ուղիներ, ասվում է Ազգային զարգացման եւ բարեփոխումների հանձնաժողովի հայտարարության մեջ:
Պոտենցիալ գործարքի ծավալի կամ պայմանների մասին մանրամասները դեռ որոշված չեն, եւ չկան երաշխիքներ, որ համաձայնագիր կկնքվի, ասել է աղբյուրը։
ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան խոստացել են արգելել ռուսական նավթի ներկրումը, Եվրամիությունը քննարկում է նմանատիպ քայլերը, սակայն OPEC+-ի արտադրողի նավթը շարունակում է հասնել գնորդներին՝ ներառյալ Հնդկաստան եւ Չինաստան: Ասիական երկրների համար խիստ զեղչված նավթը չափազանց լավ հնարավորություն է, որպեսզի այն բաց թողնեն, ինչը պատճառներից մեկն է, որ Չինաստանը շարունակում է բեռներ ընդունել Իրանից եւ Վենեսուելայից:
Չինաստանը հրապարակայնորեն չի բացահայտում հում նավթի իր պաշարների չափը։ Որոշ կանխատեսումների համաձայն՝ երկիրն ընդհանուր ավելի քան 1 միլիարդ բարել կոմերցիոն եւ ռազմավարական պաշարներ պահելու հնարավորություն ունի։ Կողմնակի գնահատականները նույնպես ցույց են տալիս, որ մատակարարումները վերջերս աճել են՝ կապված Covid-19-ի բռնկման հետ:
«Պաշարները համալրելու հնարավորություն կա, եւ դա լավ հնարավորություն կլինի նրանց համար, եթե պայմանները կոմերցիոն առումով գրավիչ լինեն»,- ասել է տվյալների եւ վերլուծության Kpler ընկերության նավթային հարցերի ավագ վերլուծաբան Ջեյն Սեն:
Kpler-ի գնահատմամբ՝ նավթի ընդհանուր պաշարները կազմում են 926,1 միլիոն բարել՝ մարտի կեսերին 869 միլիոն բարելի դիմաց, բայց, միեւնույն է, այն 6 տոկոսով ցածր է 2020 թվականի սեպտեմբերի ռեկորդից: Համեմատության համար նշենք, որ ԱՄՆ ռազմավարական նավթային պաշարի ծավալը կազմում է 714 մլն բարել։
Անցյալ տարի Չինաստանը նավթ է վաճառել իր ռազմավարական պաշարներից՝ փորձելով կրճատել նավթի գները: Այս քայլը երկարատեւ ազդեցություն չի ունեցել, միայն սպառել է պաշարները եւ մեծացրել հավանականությունը, որ Չինաստանը պետք է պաշարներն ավելի բարձր գներով համալրվի: