Ինչո՞ւ «Դիմադրություն» շարժումը վաղը փողոցներ չի փակելու
Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ պաշտոնապես հաստատվել է՝ մայիսի 22-ին վարչապետի աթոռը զբաղեցրած անձը մեկնելու է Բրյուսել՝ հանդիպելու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։
«Մենք հստակ ասել ենք և արձանագրել, որ Նիկոլը չունի մանդատ ժողովրդի կողմից, Հայաստանի կողմից որևէ բանակցություն վարելու։ Ես դիմում եմ նաև այն անձանց, ում հետ ինքը հանդիպելու է՝ հստակ ասելով, որ Հայաստանի կողմից ներկայացված այդ 6 առաջարկները հայ ժողովրդի կամքի, շահերի հետ որևէ կապ չունի։
Հետևաբար, Նիկոլի հետ ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն ոչ լեգիտիմ է և առ ոչինչ»,- ասաց Սաղաթելյանը՝ հավելելով, որ այդ այցի մասին իրենց տեսակետները հանգամանալից կներկայացնեն մայիսի 21-ին կայանալիք հանրահավաքին։
Ընդդիմադիր գործիչն ասաց, որ այս օրերի ընթացքում այս հրապարակից տարբեր ֆորմատներով ներկայացրել են իրենց հիմնական սկզբունքները, անելիքները, պատկերացումները արցախյան հարցի լուծման, երկրի տնտեսության, բանակի, արտաքին քաղաքականության, առհասարակ երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու վերաբերյալ։
«Այս ամեն ինչին օրվա իշխանությունն, այդ քաղաքական խմբակը որևէ կերպ որևէ բովանդակային պատասխան կամ քննադատություն չունի։ Շարունակում է հասարակությանը կերակրել նրանով, ինչով 4 տարի խաբեց ու երկիրը հասցրեց այս օրը։ Շարունակում է խոսել թալանից, ապօրինի գույքի բռնագանձումից ու մարդկանց անընդհատ կերակրում այդ նյութով»,- ասաց Ի.Սաղաթելյանը։
Դիմելով հավաքված քաղաքացիներին՝ նա նշեց. «Ձեզանից, մեզանից որևէ մեկն այս հրապարակում չի հավաքվել ինչ-որ մեկի ապօրինի գույքը պաշտպանելու։ Այս ամեն ինչը բլեֆ է՝ հասարակությանը հերթական անգամ մոլորեցնելու, հերթական անգամ խաբելու, հերթական անգամ ստով և կեղծիքով կերակրելու ու երկիրը նոր անդունդ տանելու։ Այս երկրում մեր երկրին, Արցախին որևէ մեկն այդքան վնաս չի հասցրել ինչքան այսօրվա խմբակը։ Սրանց գործունեության արդյունքում թշնամուն է մնացել 187 գյուղ, 6 քաղաք, իր տնից, ապրուստից զրկվել է 38 հազար 500 քաղաքացի։ Թշնամուն է հանձնվել 591 խաչքար, 39 բերդ ու ամրոց, սրբավայր, 4000 պատմամշակութային հուշարձան, 12 թանգարան, թշնամուն է մնացել մեր հայրենիքի 72 տոկոսը, դպրոցներ, մանկապարտեզներ, գործարաններ, այգիներ։ Հիմա Նիկոլ դու ի՞նչ թալանից ես խոսում։ Այս երկրի թիվ մեկ թալանչին, ավերիչը, քանդողը դու ես։ Հետևաբար, այդ բլեֆներն այլևս չեն անցնում։ 4 տարի է իշխանություն ես։ Ով հանցանք է գործել, այո, պետք է պատժվի։ Այստեղ որևէ մեկը չի հավաքվել ինչ-որ մեկին պաշտպանելու, հետևաբար վերջացրեք այդ սուտն ու կեղծիքը, հերթական անգամ մարդկանց մոլորեցնելը։ Հայ մարդն այսօր դուրս է եկել փողոց հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն ուժեղ, արդար, ազնիվ առաջադեմ, ժողովրդավար Հայաստանի»։
Նա հայտարարեց, որ իրենք պայքարը շարունակում են ամբողջ թափով. «Այս գործը, այս շարժումը որևէ կերպ որևէ պարագայում չի կարող անկում ունենալ, քանի որ այս շարժման անկումը, պարտությունը Հայաստանի պարտությունն է ու հայ ժողովրդի, իսկ դա երբեք չի լինելու»։
Խոսելով վաղվա անելիքների մասին, Սաղաթելյանն ասաց, որ ժամը 09։30 հավաքվելու են Ֆրանսիայի հրապարակում տարբեր աշխատանքներ ունեն անելու։
«Վաղը ճանապարհներ չենք շրջափակելու, ունենք հատուկ ծրագիր։ Տարբեր պատճառներից ելնելով՝ դետալները չեմ հրապարկում։ Այո, լինելու են նաև անհնազանդության ակցիաներ։ Հայաստանում կա միջազգային պատվիրակություն, մեր ձայնը պետք է լսելի դառնա, կան միջոցառումներ, որտեղ ժողովրդի ձայնը լսելի պետք է դառնան։ Ակցիաները կշարունավեն մինչև ժամը 19։00-նսկ 19։00 հրավիրում ենք հանրահավաք։
Վաղը նորից ունենալու ենք թեժ, կարևոր և վճռական օր։
Միասնական գնում ենք առաջ մինչև վերջնական հաղթանակ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։