Թուրքական լիրան շարունակում է արժեզրկվել
Արդեն 2 շաբաթ շարունակաբար արժեզրկվող թուրքական լիրայի փոխարժեքն ամերիկյան դոլարի նկատմամբ մայիսի 19-ի առավոտյան հասել է 16 լիրա/1 դոլար հարաբերակցության մակարդակին, փոխանցում է Ermenihaber-ը։
Այս շարունակական արժեզրկումը առաջինն է 2021-ի դեկտեմբերի 20-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարած միջոցառումներից հետո, որոնց արդյունքում վերջին ամիսներին հաջողվում էր թուրքական լիրայի փոխարժեքը 1 դոլարի դիմաց պահել 14.5-14.7 -ի շրջանակներում:
Մայիսի 19-ի կեսօրվա դրությամբ 1 դոլարիի փոխարժեքը կազմում է 15.97 լիրա:
Հիշեցնենք, որ 2021-ի տարեվերջին դոլարի փոխարժեքը պատմական ռեկորդ էր սահմանել՝ գերազանցելով 18 թուրքական լիրան: Իրավիճակը կարգավորելու նպատակով Թուրքիայի նախագահը հայտարարեց տնտեսական քայլերի փաթեթի մասին, որ ստացավ դոլարի փոխարժեքով փոխհատուցվող ավանդների ծրագիր անվանումը:
Այդ ծրագիրը լիրայով ավանդներ ունեցողներին դոլարի փոխարժեքի տատանման արդյունքում կրած կորուստների փոխահատուցումից բացի, ներառում է նաև արտահանողների համար ապագայի համար կայուն փոխարժեքի տրամադրում և մի շարք այլ քայլեր: Այս ծրագրի ներդրմամբ և դրան զուգահեռ Թուրքիայի Կենտրոնական բանկի պահուստների հաշվին շուկայում միլիարդավոր դոլարների ներարկումների արդյունքում հնարավոր եղավ այս ամիսներին փոխարժեքը կայուն պահել 14.5 լիրայի շրջակայքում: