Լևոն Քոչարյան. կան ոստիկաններ, որոնք սադրում են, չնայած նախորդ օրերի համեմատ նրանց վարքագծում փոփոխություն է նկատվում. Լիտվայի նախագահի այց կա
«Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիայի մասնակիցները ակցիայի շրջանակներում փակել էին Հաղթանակի կամուրջը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ակցիային մասնակցող որդին լրագրողների հետ զրույցում նշեց, որ կան ոստիկաններ, որոնք սադրում են, չնայած նախորդ օրերի համեմատ ոստիկանների վարքագծում փոփոխություն է նկատվում։
Լևոն Քոչարյանի խոսքով՝ դա կարող է պայմանավորված լինել երեկ ոստիկանապետի հետ հանդիպման հանգամանքով։
«Բացի այդ, քանի որ այսօր Լիտվայի նախագահի այց ունենք, երևի ուզում են ցույց տալ, որ իրենք պուպուշն են, լավն են, ոչ մի վատ բան չեն անում, կամ այն, որ այսօր ՀՀ է ժամանում Լատվիայի նախագահը»,-ասաց նա։
Լևոն Քոչարյանը խոսեց ոստիկանության այսօրվա գործողությունների մասին։
«Ավտոբուսի վրա բարձրացրած մեր հայրենակիցը դրոշ էր ծածանում, դրա համար փորձեցին բերման ենթարկել, չկարողացան։ Պատահական տղայի բերման ենթարկեցին, երևի իրենց խղճի հանգստության համար։
Երբ հասանք Հաղթանակի կամրջին, կարմիր բերետավորների մեքենաներից եկան։ Մեկը միջից դուրս եկավ։ Այն ոստիկանն էր, ով երեկ մեր ընկերներից մեկի պարանոցից ուժեղ սեղմում էր։ Շատ ցինիկաբար էր իրեն պահում, ոնց որ հատուկ սադրեր, որ մեկի նյարդերը չդիմանա, գնա, խփի կամ մի բանով տա գլխին։ Իհարկե, մենք մեզ թույլ չենք տա նման բան։ Իրեն էլ խնդրեցինք, ղեկավարությանն էլ խնդրեցինք, որ չանեն նման բան, գնա այդ կարմիր բերետավորը, հատուկ կրքեր է բորբոքում։ Երևի այսպես փորձեցին, որ մենք ինչ-որ բան նախաձեռնեք, հետո էլ ստացվի, որ մենք ինչ որ չափ ենք անցել»,- նշեց նա։
Լ.Քոչարյանի խոսքով, վերջին 3-4 տարվա ընթացքում այնպիսի խայտառակ ապօրինություններ են եղել Հայաստանում, որ եթե այդ ամեն ինչը լիներ նախկին իշխանությունների օրոք, «ցունամիներ կբարձրանային», դեսպանները, փոխդեսպաններն ԱԳՆ-ից դուրս չէին գա։
«Երկակի ստանդարտներ են, որը կա աշխարհում, մենք անմասն չենք»,- ասաց նա։