Անկարան նշել է այն պայմանը, որի դեպքում կհամաձայնեն Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին
Շվեդիան չի կարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին, քանի դեռ Թուրքիայի օրինական մտահոգությունները չեն լուծվել, գրել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը շվեդական Expressen թերթի հոդվածում։
Ֆինլանդիան և Շվեդիան չորեքշաբթի օրը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին են փոխանցել դաշինքին միանալու դիմումները։
«Այն երկրները, ինչպիսին Թուրքիան է, որոնք հայտնվել են ահաբեկչության թիրախում, քրտնաջան աշխատում են այդ երկակի ստանդարտները վերացնելու ուղղությամբ: Հաշվի առնելով այս պատմությունը, Թուրքիայի համար անընդունելի կլինի դիտել, թե ինչպես է Շվեդիան փորձում անդամակցել ՆԱՏՕ-ին՝ չվերանայելով իր դիրքորոշումը: Թուրքիայի տեսանկյունից, նման մարդկանց դեմ պայքարելը, ովքեր ապաստան հայցողներ են ներկայանում շվեդ ժողովրդի մոտ, չնայած նրան, որ ներգրավված են Թուրքիայում անմեղ մարդկանց դեմ հանցագործությունների մեջ, դաշինքի պարտադիր պայման է»,- գրում է Ալթունն իր հոդվածում։
Նա վստահություն է հայտնել, որ «շվեդ ժողովուրդը կզգար նույնը, ինչ թուրքերն են զգում այսօր, եթե թուրքական կառավարությունը ապաստանած լիներ Ստորտորգետի հարձակման համար պատասխանատու ահաբեկչական կազմակերպությանը»։
«Մենք, անշուշտ, ուրախ ենք, որ Շվեդիային նման ահաբեկչական սպառնալիք չի սպառնում, բայց ես ուզում եմ շատ հստակ ասել, որ Շվեդիան չի կարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին, քանի դեռ չեն լուծվել Թուրքիայի արդարացի մտահոգությունները: Եթե Շվեդիան ակնկալում է, որ ՆԱՏՕ-ի երկրորդ բանակը հարձակման դեպքում կպաշտպանի իրեն, ապա պետք է ընդունի այս փաստը»,- ասվում է հոդվածում։