ՌԴ-ն ուզում է դուրս գալ Առեւտրի համաշխարհային կազմակերպությունից եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից
Ռուսաստանի Պետդուման կքննարկի Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն ու Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու մասին պայմանագրերը չեղյալ հայտարարելու վերաբերյալ արտաքին գործերի նախարարության առաջարկները։ Այս մասին հայտնում է պաշտոնական «Պառլամենտական թերթը»՝ հղում անելով Դումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյին։
Նա միջազգային կազմակերպություններին Ռուսաստանի մասնակցությունն անվանել է «ոչ բարեբեր փորձ»։ «Ռուսաստանը դուրս է եկել Եվրոպայի խորհրդից, այժմ հերթում դուրս գալն է Առեւտրի համաշխարհային կազմակերպությունից եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից, որոնք արդեն անտեսել են իրենց պարտավորությունները մեր երկրի հանդեպ»,- ասել է «Եդինայա Ռոսիա»-ի անդամը։
Տոլստոյի խոսքով՝ Մոսկվան պետք է վերանայի պայմանագրերը, որոնք ոչ թե օգուտ են բերում, այլ ուղղակիորեն վնասում են երկրին։
Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության շուրջ բանակցությունները տեւել են 18 տարի՝ 1993-2011 թվականները։ Կազմակերպության նպատակը համաշխարհային տնտեսությունը եւ առեւտուրը զարգացնելն է՝ պետական խոչընդոտների նվազեցման միջոցով։