Քննարկվել է Երևան-Մարսել ուղիղ չվերթների գործարկման կարևորությունը, Մարսելում Թումո կենտրոն բացելու հնարավորությունը
Մայիսի 14-ին Մարսել կատարած աշխատանքային այցի ընթացքում Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպում ունեցավ Պրովանս-Ալպեր-Կոտ դ’Ազյուր շրջանի նախագահ Ռընո Մյուզելիե հետ։ Հանդիպմանը ներկա էր նաև Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, տեղեկացնում են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ համագործակցության առնչվող հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, Հասմիկ Տոլմաջյանն ու Ռընո Մյուզելիեն անդրադարձ են կատարել Հայաստան-Ֆրանսիա ապակենտորնացված համագործակցության շրջանակներում ՀՀ մարզերի և Պրովանս-Ալպեր-Կոտ դ’Ազյուր շրջանի միջև փոխգործակցության ակտիվացմանը, Երևան-Մարսել ուղիղ չվերթների գործարկման կարևորությանը, Մարսել քաղաքում Թումո կենտրոն բացելու հնարավորությանը, Մարսելի համայնքային կառույցների գործունեությանը և այլ հարցերի։
Կողմերը քննարկել են նաև հետպատերազմյան շրջանում Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակը, արցախահայության առջև ծառացած անվտանգային և հումանիտար խնդիրները, ինչպես նաև դրանց հասցեագրման ուղղությամբ անհրաժեշտ համատեղ ջանքերը։