Իրաքում ավազային փոթորկի պատճառով 4000 մարդ է տուժել
Չորս հազար մարդ տուժել է Իրաքում մայիսի 16-ին տարածաշրջանին պատուհասած ավազային փոթորկից։ Այս մասին երեքշաբթի՝ մայիսի 17-ին, հայտնում է Shafaq հրատարակությունը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հայտարարությունը։
Տուժածները հիվանդանոց են դիմել շնչառական դժվարությունների և շնչահեղձության նշաններով։
Նախօրեին ավազային փոթորկի պատճառով փակվել էին երեք միջազգային օդանավակայաններ՝ Բաղդադի օդանավակայանը, որտեղ տեսանելիությունը 300 մ-ից ցածր էր՝ թույլատրելին 800 մ-ն է, ինչպես նաև Նաջաֆի և Սուլեյմանիայի օդանավակայանները։
Երկրի բնակիչներին զգուշացրել են դուրս չգալ տներից, իսկ խիստ անհրաժեշտության դեպքում օգտագործել դիմակներ և շնչառական միջոցներ, ինչպես նաև կրել ինհալատորներ և դեղամիջոցներ, հայտնում է aif.ru կայքը։
REGNUM-ի փոխանցմամբ՝ փոշու փոթորիկը ծածկել է երկրի գրեթե ողջ տարածքը՝ Անբար նահանգից մինչև Պարսից ծոց։
Երկուշաբթի օրը՝ մայիսի 16-ը, երկրում հայտարարվել է ոչ աշխատանքային օր։ Չեղարկվել են նաև դպրոցներում և բուհերում դասերը։ Շարունակել են աշխատել միայն շտապօգնության ծառայություններն ու առողջապահության նախարարության ստորաբաժանումները։
Նախարարության խոսնակ Սեյֆ ալ-Բադրն ասել է, որ բոլոր դեղամիջոցներն ու բժշկական սարքավորումները հասանելի են Իրաքի բոլոր բժշկական կենտրոններում: Նա ընդգծել է, որ բոլոր բուժհաստատություններում արտակարգ դրություն է սահմանվել։
Վերջին մեկ ամսվա ընթացքում սա արդեն ութերորդ ավազային փոթորիկն է Իրաքում։ Նախորդը՝ մայիսի սկզբին, մեկ մարդու կյանք է խլել։ Վատ եղանակի պատճառների թվում են՝ Իրաքի արևմտյան շրջաններում հաճախակի երաշտը և տեղումների կտրուկ նվազումը։