Լավրովը հայտարարել է ՆԱՏՕ-ին Եվրամիության աստիճանական ձուլման մասին
Եվրամիությունն աստիճանաբար ե՛ւ գործնականում է ձուլվում ՆԱՏՕ-ին, ե՛ւ այժմ արդեն՝ ըստ անդամների կազմի, Գերմանիան՝ իր նոր կառավարությամբ, կորցրել է ինքնուրույնությունը, իսկ Ֆրանսիան, թեեւ փորձում է առաջ տանել ռազմավարական ինքնավարության թեզը, դա, սակայն արդյունքի չի հանգեցնում, ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Գերմանիան, իհարկե, ներկայիս կառավարության իշխանության գալուց հետո, կորցրել է ինքնուրույնության վերջին նշանները։ Ընդհանրապես, Եվրամիությունում այժմ միայն նախագահ Մակրոնն է դեռեւս փորձում ինչ-որ կերպ խոսել Եվրամիության ռազմավարական ինքնավարության մասին։ Ես համոզված եմ, որ դա նրանց թույլ չեն տա, եւ Եվրամիությունն էլ ավելի կմիաձուլվի Հյուսիսատլանտյան դաշինքին, նրանք դա չեն էլ թաքցնում»,- ասել է Լավրովը «Գիտելիք» ընկերության III մարաթոնում։ Նա ավելացրել է, որ Եվրամիությունը, այն պայմաններում, երբ Գերմանիան կորցրել է ինքնուրույնությունը, երբ Ֆրանսիան անհաջող փորձում է առաջ տանել ռազմավարական ինքնավարության թեզերը, «ձուլվում է ՆԱՏՕ-ին թե՛ գործնականում, թե՛ արդեն անդամների կազմով»։
«Գերմանիայում Ուկրաինայի դեսպանի վիրավորանքների առումով՝ նա հայտնի է այդ հարցում, նրա անտաշությունը վաղուց արդեն ընդհանուր խոսակցությունների առարկա է դարձել, եւ Գերմանիայում սեփական արժանապատվությունը դեռեւս պահպանած քաղաքական գործիչները բազմաթիվ անգամներ ուշադրություն են հրավիրել դրա վրա, բայց Գերմանիայի ղեկավարող աշխատակիցները եւ ղեկավարությունը, երբ կանցլեր Շոլցին հարցրին, թե ինչ վերաբերմունք ունի այդ հարցում, ասաց՝ «թողնում եմ ձեր հայեցողությանը, թե ինչպես մեկնաբանեք իրավիճակը, երբ ինձ անվանեցին «նեղացած լիվերային երշիկ»։ Այլ խոսքով՝ նա չէր վիրավորվել։ Եվ «նեղացած» բառը կարելի է հանել այս ձեւակերպումից»,- ամփոփել է նախարարը։