ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է բանակցություններից Ուկրաինայի դուրս գալու մասին
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի հետ բանակցությունները դադարեցվել են։ «Ոչ, բանակցությունները չեն շարունակվում։ Ուկրաինան դուրս է եկել բանակցային գործընթացից»,- ասել է նա լրագրողներին։ Ճշգրտող հարցին նա պատասխանել է, որ «որեւէ կերպ» բանակցություններ չեն վարվում, տեղեկացրել է «Коммерсант»-ը։
Ուկրաինայի հետ բանակցություններում խնդիրների մասին առաջին անգամ տեղեկացրել էր Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ապրիլի կեսին։ Այն ժամանակ նա ասել էր, որ Կրեմլը դժգոհ է ուկրաինական կողմից բանակցություններում դիրքորոշումները հաճախ փոխելու պատճառով, իսկ «առաջ ընթանալու դինամիկա բանակցային գործընթացում չկա»։ Մայիսի 4-ին Պեսկովը հայտարարել էր, որ «հազիվ թե բանակցություններում կարելի է փաստել որեւէ դինամիկայի մասին, ավելի շուտ՝ հակառակը»։
Մայիսի 13-ին Կրեմլը տեղեկացրել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել էր, որ բանակցություններն «ըստ էության Կիեւի կողմից փակվել են»։ Մայիսի 14-ին Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ զրույցում Վլադիմիր Պուտինը նշել էր, որ բանակցային գործընթացը «փաստացի» դադարեցված է «Կիեւի կողմից, որը լուրջ եւ կառուցողական երկխոսության շահագրգռվածություն չի դրսեւորում»։
Ուկրաինան մինչ այդ Ռուսաստանին մեղադրել էր բանակցություններից հրաժարվելու մեջ։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ասել է, որ «Ռուսաստանը իրական եւ բովանդակալից բանակցություններ վարելու պատրաստակամություն չի ցուցաբերում»։