ԱՄՆ-ում աղքատ երեխաներն ավելի շատ են հայտնվում վերակենդանացման բաժանմունքներում եւ մահվան սպառնալիքի առջև
ԱՄՆ վատ ապահովված շրջաններում ապրող եւ ցանկացած պատճառով հոսպիտալացված երեխաները ենթակա են վերակենդանացման բաժանմունքում հայտնվելու եւ մահանալու ավելի մեծ ռիսկի, վկայել է ամերիկացի գիտնականների նոր հետազոտությունը։ Այս մասին գրել է UPI-ն։
Հոսպիտալացված աֆրոամերիկացի երեխաները ավելի հաճախ են մահանում, քան այլ ցեղերի եւ էթնիկ խմբերի երեխաները, վկայել են Medicaid ծրագրի տվյալները, որոնք ներկայացվել են Սան Ֆրանցիսկոյում Ամերիկյան տորակալ հանրության միջազգային համաժողովում։
Medicaid ծրագրում ընդգրկված անապահով երեխաները 21 տոկոսով ավելի հաճախ են հայտնվել հիվանդանոցների մանկաբուժական բաժանմունքների ինտենսիվ թերապիայի բաժիններում՝ այն երեխաների համեմատ, որոնք ապրում են ավելի բարձր եկամուտներ ունեցող ընտանիքներում։
Ինտենսիվ թերապիայի բաժանմունքում հայտնվելով՝ նրանք 12 տոկոսով ավելի հաճախ են մահացել, տեղեկացրել են հետազոտողները։
Medicaid-ի ծրագրում ընդգրկված սպիտակամորթ երեխաների համեմատ՝ սեւամորթները 15 տոկոսով ավելի հաճախ են հայտնվել ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում եւ 18 տոկոսով ավելի հաճախ մահացել այնտեղ։ «Ակնհայտ է, որ անապահով շրջաններում ապրող երեխաները ավելի շատ են ենթակա մահվան սպառնալիքին եւ վերակենդանացման բաժանմունքներում հայտնվելու վտանգին»,- նշել է հետազոտության համահեղինակ, բժիշկ Հաննա Միթչելը։
Հետազոտողների խոսքով՝ հետազոտության արդյունքները հիմնված են երկրի 12 նահանգներում 2007-2014թթ. հավաքված տվյալների վրա։ 21 տարեկան եւ ավելի երիտասարդ 4 միլիոն պացիենտներից մոտ 275 000-ը հոսպիտալացվել է վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում, եւ նրանց 2,4 տոկոսը այնտեղ էլ մահացել է։ Հետազոտողների խոսքով՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում բուժվողների 44 տոկոսը սպիտակամորթ էր, 32-ը՝ աֆրոամերիկացի։ Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ եկամտի ցածր մակարդակ ունեցող ընտանիքների երեխաները ամենավատ բժշկական սպասարկումն են ստանում տարբեր հիվանդությունների դեպքում՝ կույր աղիքից սկսած մինչեւ ուղեղի վնասվածքներ։