Մոսկվան Հայաստանում ցույցերը երկրի ներքին գործն է համարում. ՌԴ ԱԳՆ
ՌԴ-ն Հայաստանի ցույցերը համարում է երկրի ներքին գործն ու չի միջամտում։ Այս մասին երեքշաբթի ասել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի 2-րդ Կենտրոնաասիական համաժողովում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Հայաստանի ներքին գործն է այն ամենը, ինչ այնտեղ կատարվում է, եւ այն ամենը, ինչի մասին հանդես է գալիս Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը։ Մենք այդ մասին գիտենք եւ այդ գործընթացներին չենք միջամտում»,- նշել է փոխնախարարը՝ ՏԱՍՍ-ի խնդրանքով մեկնաբանելով սահմանագծման եւ սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի բանակցային գործընթացը եւ Հայաստանում այդ համատեքստում տեղի ունեցող ցույցերը։