ԱՄՆ-ն վերացնում է Կուբայի համար վիզային եւ ֆինանսական սահմանափակումների մի մասը
ԱՄՆ-ն վերացնում է Կուբայի համար վիզային եւ ֆինանսական սահմանափակումների մի մասը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն կնպաստի Կուբայի մասնավոր հատվածի աճին։ «Մենք կաջակցենք էլեկտրոնային վճարումների եւ ԱՄՆ գործարար ակտիվության համար անկախ կուբացի ձեռներեցներին»,-հավելել է Փրայսը։
«Մենք կհանենք ընտանեկան տրանսֆերտների եռամսյակային 1000 դոլարի սահմանաչափը եւ կաջակցենք Կուբայի ձեռներեցներին»,-նշել է նա։
Նրա խոսքով՝ Կուբայի նկատմամբ ԱՄՆ վարչակազմի քաղաքականությունը շարունակում է կենտրոնացած լինել Կուբայի ժողովրդին աջակցելու վրա՝ ներառյալ նրա իրավունքները, քաղաքական եւ տնտեսական բարեկեցությունը։ «Մենք շարունակում ենք Կուբայի կառավարությանը կոչ անել անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին, հարգել Կուբայի ժողովրդի հիմնարար ազատությունները եւ թույլ տալ, որ Կուբայի ժողովուրդը որոշի իր ապագան»,-եզրափակել է Փրայսը։