Անկարան չի կարող «այո» ասել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությանը․ Էրդողան
Ֆինլանդիայի եւ Շվեդիայի պատվիրակությունները կայցելեն Թուրքիա՝ քննարկելու ՆԱՏՕ-ին իրենց անդամակցության գործընթացը, սակայն դա չի փոխի Անկարայի դիրքորոշումը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Կգան Թուրքիա։ Կգան մեզ հակառակը համոզելո՞ւ։ Թող չնեղանան, թող իրենց նեղություն չտան։ Թուրքիան «այո» չի ասի մեր երկրի դեմ պատժամիջոցներ կիրառող երկրների անվտանգության կազմակերպությանն անդամակցելուն։ Մենք նույն սխալը չենք կրկնի։ Մենք չենք կարող «այո» ասել։ Այդ դեպքում ՆԱՏՕ-ն չի լինի անվտանգության կազմակերպություն, այլ կդառնա մի վայր, որտեղ կլինեն ահաբեկիչների բազմաթիվ ներկայացուցիչներ։ Մենք չենք կարող «այո» ասել, թող չնեղանան»,- ասել է Էրդողանը։
Նրա խոսքով, Թուրքիան չի կարող հավատալ Ֆինլանդիայի ու Շվեդիայի հավաստիացումներին, եթե նրանք ասեն, որ չեն աջակցելու «ահաբեկիչներին»։ «Ես պետք է ձեզ բացահայտ եւ անկեղծ ասեմ՝ եթե երկու երկրներն էլ (Շվեդիան եւ Ֆինլանդիան - խմբ.) ասեն, որ մենք դեմ ենք ահաբեկչական կազմակերպություններին, ինչը, ի դեպ, ճիշտ հակառակն է, նրանք հայտարարություններ ունեն, որ ահաբեկիչներին չեն արտահանձնի Թուրքիային։ Մենք չենք կարող նույն սխալը երկու անգամ գործել։ Ավելի վաղ Հունաստանը դուրս էր եկել ՆԱՏՕ-ից, ապա նորից մտավ։ Հիմա իմ ժողովրդին հարց եմ տալիս՝ դաշինքի հիմնական երկրները աջակցո՞ւմ են Հունաստանին։ Աջակցում են։ Այնտեղ բազաներ ստեղծո՞ւմ են։ Ստեղծում են։ Ինչպե՞ս կարող ենք հավատալ նրանց: Շվեդիան ահաբեկչության օջախ է, նրանց խորհրդարանում Քրդստանի աշխատավորական կուսակցության (Թուրքիայում արգելված - խմբ.) ահաբեկիչներ կան։ Ինչպե՞ս հավատալ»,- ասել է Էրդողանը։