Հունաստանը սկսում է համագործակցությունն ԱՄՆ-ի հետ F-35 կործանիչների ձեռքբերման հարցով
Հունաստանը սկսում է համագործակցությունն ԱՄՆ-ի հետ՝ ամերիկյան Lockheed Martin ընկերության կողմից մշակված հինգերորդ սերնդի բազմանպատակային կործանիչ-ռմբակոծիչների ձեռքբերման շուրջ։ Այս մասին երկուշաբթի երեկոյան հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Սպիտակ տանն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Կողմերի հայտարարությունները հունարեն թարգմանությամբ հեռարձակել է հունական ERT News հեռուստաալիքը։
«Մենք կշարունակենք երկարաժամկետ համագործակցությունը մեր պաշտպանական արդյունաբերության ոլորտների միջեւ, կսկսենք համագործակցությունը F-35-ի ձեռքբերման շուրջ,- ասել է Միցոտակիսը։- Հուսամ՝ մենք կարող ենք այս ֆանտաստիկ ինքնաթիռն ավելացնել մեր զինված ուժերի զինանոցին։ Ուրախ եմ, որ ուրբաթ օրը Lockheed Martin-ը պաշտոնապես հայտնել է Հունաստանի արդյունաբերությունում ներդրումներ կատարելու իր շահագրռգվածության մասին», հայտնում է ՏԱՍՍ-ը։
Վարչապետն ընդգծել է, որ Բալկանները փխրուն տարածաշրջան է, եւ անհրաժեշտ աջակցել դրա եվրոպական հեռանկարին։ «Հունաստանը հենարան է տարածաշրջանի բարգավաճման եւ անվտանգության համար»,- ասել է Միցոտակիսը։- Մենք խաղաղ ճանապարհներ ենք փնտրում մեր հարեւանների հետ տարաձայնությունների ուծման համար։ Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում երեք գումարած մեկ սխեմային, որն ԱՄՆ-ն կապում է Հունաստանի, Կիպրոսի եւ Իսրայելի հետ: Եվ միեւնույն ժամանակ մենք կշարունակենք ներդրումներ կատարել մեր բանակում՝ հասկացնելով, որ չենք հանդուրժելու մեր տարածքային ամբողջականության եւ մեր իրավունքների որեւէ խախտում։ Մենք դա անում ենք ոչ միայն Հունաստանն ամրապնդելու, այլեւ ՆԱՏՕ-ի հարավարեւելյան թեւն ուժեղացնելու համար»։
Հունաստանի կառավարության ղեկավարն ասել է, որ Հունաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ կապերը դուրս են գալիս պատմության սահմաններից եւ շոշափում են պաշտպանության, անվտանգության, առեւտրի, տեխնոլոգիաների, մշակութային փոխանակումների հարցեր։ «Մենք բազմաթիվ փոխադարձ օգուտներ ունենք»,- ասել է Միցոտակիսը: