Լուկաշենկոն կոչ է արել ուժեղացնել քաղաքական համագործակցությունը ՀԱՊԿ-ում
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գործընկերներին կոչ է արել ամրապնդել համագործակցությունը տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում։
«Մեր դեմ հիմա հիբրիդային պատերազմ է ծավալվում, որի հիմնական բաղադրիչը տեղեկատվական պատերազմն է։ Դրան դիմակայելու համար պետք է առավելագույնս օգտագործել տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության մասին 2017 թվականի ՀԱՊԿ համաձայնագրի ներուժը։ Մենք պետք է լրջորեն մտածենք եւ միգուցե հետեւենք Չինաստանի ուղուն տեղեկատվական պատերազմում, հատկապես ինտերնետում»,- ասել է նա՝ երկուշաբթի օրը ելույթ ունենալով կազմակերպության գագաթաժողովում։
Լուկաշենկոն նաեւ կոչ է արել ՀԱՊԿ երկրներին աշխատել «տեղեկատվական տարածքում մարտահրավերներին եւ սպառնալիքներին դիմակայելու արդյունավետությունը բարելավելու ուղղությամբ, ներառյալ կեղծիքի եւ ապատեղեկատվության դեմ պայքարը»։ Նա կարեւոր է համարում «ՀԱՊԿ-ի առավել ակտիվ առաջմղումը սոցիալական ցանցերում, որոնք ինտենսիվորեն օգտագործվում են արեւմտյան հակառակորդների կողմից»։ Բելառուսի նախագահն ասել է, որ տեղեկատվական անվտանգության ապահովման խնդիրները պետք է վերապահվեն «[անդամ երկրների] բոլոր արտաքին գործերի նախարարություններին, հատուկ ծառայություններին եւ ՀԱՊԿ քարտուղարությանը»։
Լուկաշենկոն ասել է, որ Արեւմուտքի դժոխային պատժամիջոցներից կարելի էր խուսափել, եթե ՀԱՊԿ երկրները միասնական ճակատով դուրս գային դրանց դեմ։