Ժամանակ չունենք, թշնամին մեր տուն է մտել. Ժիրայր Սեֆիլյան
Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բերձորի միջանցքում գտնվող Աղավնո գյուղում ադրբեջանցիները էլեկտրասյուներ են տեղադրում, իսկ այսպես կոչված ռուսական խաղաղապահները տեղում ապահովում են նրանց անվտանգությունը։
Թշնամին արագացված տեմպերով ավարտում է Բերձորի միջանցքը շրջանցող այլընտրանքային` Կոռնիձոր-Լիսագոր ճանապարհի շինարարությունը, որը 2020 թ. նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի հայտարարությամբ նախատեսված էր ավարտել 3 տարվա ընթացքում։
Ադրբեջանը, տեսնելով Հայաստանի պարտության ու պարտվողականության և Արցախի հանձնման երաշխավոր Ռուսաստանի ազդեցության գահավիժող անկումը մեր տարածաշրջանում, Նիկոլ Փաշինյանի կառավարության գիտությամբ ու համաձայնությամբ շտապում է օր առաջ փակել Բերձորի միջանցքը և տեղահանել Աղավնո գյուղի հայ բնակիչներին։
Եթե մեր ժողովուրդը շարունակի հապաղել և չմոբիլիզացվի Փաշինյանի դավաճանական կառավարությանը ու հրապարակներում Մոսկվայի հրահանգով դիմադրություն բեմադրող նախկին դավաճաններին ասպարեզից հեռացնելու և ազգային անցումային կառավարություն ձևավորելու նպատակով, ապա կորուստները ևս կշարունակվեն։
Այսպիսի ընթացքը շուտով մեզ կհասցնի անդառնալիության կետին։
Ժամանակ չունենք, թշնամին մեր տուն է մտել»,- գրել է նա։