Դատախազությունը կրկին չի հաստատել Վովա Գասպարյանի եւ Արշակ Հակոբյանի քրգործի մեղադրականը. կոմիտեն այն որակում է անհիմն
Դատախազությունը կրկին չի հաստատել ՀՀ նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի եւ Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրեական գործով կազմված մեղադրական եզրակացությունը եւ այն հետ է ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե:
Հակակոռուպցիոն կոմիտեից փոխանցում են, որ գործը քննիչին հետ է ուղարկվել անհիմն պատճառաբանություններով, ուստի հիշյալ քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի որոշման դեմ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից առարկություններ են ներկայացվել վերադաս դատախազին:
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ 2000-2018 թթ. ընթացքում պետական ծառայության տարբեր պաշտոններ զբաղեցրած Վլադիմիր Գասպարյանի, ինչպես նաեւ 2011-2018 թթ. վերջինիս անվտանգության պետի պարտականությունները փաստացի կատարած Արշակ Հակոբյանի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործերի նախաքննությամբ բացահայտվել են նշված անձանց կողմից կոռուպցիոն բնույթի բազմաթիվ չարաշահումներ կատարելու դեպքեր: Նրանք իրենց պաշտոնավարման տարիներին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, հովանավորչության եւ կոռուպցիոն հանցավոր այլ գործունեության արդյունքում ձեռք են բերել իրենց եւ ընտանիքի անդամների օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք, այդ թվում` թանկարժեք տներ եւ տրանսպորտային միջոցներ, որոնց հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով տարբեր եղանակներով, մասնավորապես` իրենց հետ փոխկապակցված անձանց անվամբ գրանցելու ձեւական գործարքների միջոցով օրինականացրել են դրանք:
Նախաքննությամբ պարզվել է, որ Վ. Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված՝ ընդհանուր ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամի գույք:
Նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել նաեւ 1994-2018 թթ. ընթացքում ՀՀ ՊՆ եւ ոստիկանության համակարգում պաշտոնավարած, այդ թվում` 2011-2018 թթ.-ին Վլադիմիր Գասպարյանի անվտանգության պետի պարտականությունները փաստացի կատարած Արշակ Հակոբյանի կողմից ինչպես առանձին, այնպես էլ Վ. Գասպարյանի հետ խմբի կազմում կոռուպցիոն բնույթի հանցավոր արարքներ կատարելու վերաբերյալ:
Նախաքննության ընթացքում Վլադիմիր Գասպարյանի եւ Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրեական գործերը միացվել են մեկ վարույթում: Վարույթն իրականացնող մարմինը, համարելով, որ գործով ձեռք բերված ապացույցները բավարար են Վլադիմիր Գասպարյանի եւ Արշակ Հակոբյանի վերաբերյալ մեղադրական եզրակացություն կազմելու եւ գործը դատարան ուղարկելու համար, հիշյալ անձանց մասով քրեական գործի նախաքննությունն ավարտել է եւ այդ մասին հայտնել դատավարության մասնակիցներին` վերջիններիս պարզաբանելով քրեական գործի նյութերին ծանոթանալու նրանց իրավունքը»: