Որդու անպատասխան հարցերը․ ադրբեջանցիները գրավել են Տողը և սպանել 83-ամյա Ռադիկ Ստեփանյանին. Hetq
2020 թվականի հոկտեմբերի 10-ին Ադրբեջանի զինված ուժերը գրավեցին Հադրութ քաղաքը, և քանի որ ադրբեջանցիները շարունակում էին իրենց առաջխաղացումը, այդ օրվանից հետո սկսվեց Հադրութի շրջանի Տող գյուղի բնակչության տարհանումը։ Հոկտեմբերի 21-ի առավոտյան ադրբեջանական կողմը գրոհում է Տող գյուղը, իսկ երեկոյան այն արդեն անցնում է իրենց վերահսկողության տակ, գրում է Hetq.am-ը:
Նույն օրը Ադրբեջանի զինված ուժերը իր տան մոտակայքում գնդակահարում են գյուղի բնակիչ, 83-ամյա Ռադիկ Ստեփանյանին, որը չէր կարողացել դուրս գալ գյուղից։
Ռադիկ Ստեփանյանը ծնվել է 1937 թվականին Պետրոսաշեն գյուղում՝ Խծաբերդի հարևանությամբ։ Այնուհետև ապրել է Հադրութի շրջանի Թաղուտ գյուղում, իսկ ամուսնանալուց հետո կնոջ հետ տեղափոխվել են Տող, որտեղ ապրում էին մինչև 44-օրյա պատերազմը։ Նրանց որդին՝ Նվերը, պայմանագրային զինծառայող էր, ծառայում էր Ասկերանի զորամասում։ 2020-ի սեպտեմբերի 25-ից Նվերը եղել է դիրքերում՝ Ասկերանում, Մարտունիում, իսկ պատերազմի վերջին օրերին՝ Դիզափայտում։ Միայն պատերազմի ավարտից հետո է դիրքերից իջել։
Նվերը մեզ հետ զրույցում պատմում է, որ ամբողջ պատերազմի ընթացքում ծնողների հետ կարողացել է կապ հաստատել միայն մեկ անգամ, հոկտեմբերի 10-ից հետո (հստակ օրը չի հիշում)։ Մոր հետ խոսելիս ասել է, որ պետք է դուրս գան գյուղից, մնալը վտանգավոր է արդեն։ Նվերն ասում է, որ հստակ ինֆորմացիա չունի, թե ինչու իր հայրը չի տարհանվել։
«Թե ոնց ա մնացել, ինչի դուրս չի եկել, ես հարյուր տոկոսով չգիտեմ, որովհետև ամեն մարդ գյուղից իր տարբերակն ա պատմում։ Մորս հարցրել եմ, իրա պատմելով՝ գյուղից մի հատ տղա կար, որը ձկան գործ էր անում։ Նստել են իրա ավտոն, որ դուրս գան, հերս էդ հոտերից վատացել ա ու ասել, որ չի կարա շարունակի, իրան շատ վատ ա զգում։ Տենց մերս մի ձև հելել ա, իսկ հերս մնացել ա։ Շատ հարցեր մինչև հիմա իմ համար անպատասխան են մնացել, բայց ես մորս շատ հարցեր չեմ տալիս, որովհետև ամեն անգամ էդ պատմությունը լսելուց ավելի ա վատանում»,- պատմում է Նվերը։
Տող համայնքի ղեկավար Վարդան Գրիգորյանն էլ պատմում է, որ ինքն է զանգահարել Ստեփանյանների հարևանին և ասել, որ այդ թաղամասում մնացած տարեցներին դուրս հանի գյուղից։ Վարդան Գրիգորյանը նույնպես նշում է, որ իր տեղեկություններով էլ՝ Ռադիկ Ստեփանյանի ինքնազգացողությունը մեքենայում ձկան հոտից կտրուկ վատացել է, այդ պատճառով չի կարողացել շարունակել ճանապարհը և մնացել է գյուղում։
Պատերազմի վերջին օրերին Ռադիկ Ստեփանյանի որդին՝ Նվերը, Դիզափայտում ոտքի բեկորային վիրավորում է ստանում, սակայն դիրքերից իջնում է միայն պատերազմի ավարտից հետո։ Նրան տեղափոխում են Սիսիանի հիվանդանոց, որտեղից դուրս գրվելուց հետո նա երկու օրով գնում է Վանաձոր՝ մորը տեսակցելու, ապա գնում Ստեփանակերտ՝ հոր ճակատագրի մասին տեղեկություն իմանալու։
«Շատերը գյուղում ասում են, թե հերս հիվանդ ա եղել, առողջական խնդիր ա ունեցել, չի կարացել դուրս գա, չի ուզեցել դուրս գա, բայց ես կարամ ասեմ, որ ո՛չ դու, ո՛չ էլ ես, իրա չափ չէինք կարա գործ անեինք, օրվա մեջ շարժվեինք։ Ես որ սկսել եմ իրա դուրս չգալու պատճառների մասին հետաքրքրվել, գյուղացիներին հարցուփորձ անել, իրանք սկսել են իրանց ուրիշ ձև պահել, որովհետև սաղին հարցնում եմ, թե ինչի հորս դուրս չեք հանել, ասում են՝ հերդ չի ուզել։ Սաղ սուտ ա, ես կարո՞ղա գիտենամ, որ մեռնում եմ, դու գաս իմ հետևից, ես ասեմ՝ դու գնա, ես մնում եմ ստեղ»,- վրդովված պատմում է Նվերը։
2020թ․ դեկտեմբերի 19-ին Տողում իրականացված որոնողական աշխատանքների ժամանակ հայտնաբերվում է Ռադիկ Ստեփանյանի մարմինը, որն ըստ Նվերի՝ եղել է իրենց տան հարևանությամբ։ Նվերի խոսքով՝ հոր ճակատի վրա եղել է հրազենային վնասվածքի հետք, մի քանի վնասվածք էլ եղել է ոտքերի վրա։ Ըստ դատաբժշկական փորձաքննության տվյալների ևս՝ Ռադիկ Ստեփանյանի գլխի և զույգ ազդրերի վրա եղել են հրազենային, գնդակային վիրավորումներ։ Ռադիկ Ստեփանյանը հուղարկավորված է Ստեփանակերտում։
44-օրյա պատերազմի ընթացքում Հադրութի շրջանի Տող գյուղում Ռադիկ Ստեփանյանից բացի Ադրբեջանի զինված ուժերը սպանել են նաև մեկ այլ քաղաքացիական բնակչի՝ Մարտիկ Ավետիսյանին։ Նրա պատմությանը մենք արդեն անդրադարձել ենք։ «Հետքը» շարունակում է ներկայացնել պատերազմի ընթացքում սպանված քաղաքացիական անձանց պատմությունները։
Սկզբնաղբյուրը՝ Hetq.am