«Դու պատասխան կտաս խփելու համար». ոստիկանները ուժով դուրս էին բերում մեքենաներից երթի մասնակիցներին ու բերման ենթարկում
Երևանում ոստիկանության աշխատակիցները Հրազդան մարզադաշտի մոտ «Դիմադրության» շարժման ավտոերթի մասնակիցներին սկսեցին բերման ենթարկել: Նրանք հենց փողոցում ուժով ավտոմեքենաներից հանում էին վարորդներին ու բերման ենթարկում:
Մի տարեց տղամարդ, որին բերման էին ենթարկում, ասաց. «Բիզոնների հավաքածու, լսի բիզոն, ես քո դեմքը կհիշեմ: Դու պատասխան կտաս խփելու համար»:
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 16-ին, Երեւանում «Դիմադրության» շարժումը 5 ուղղություններով ավտոեթեր է անցկացնում:
Նախօրեին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր. «Առավոտյան ժամը 8:00-ից սկսում ենք տարբեր տեսակի ակցիաներ, տեղի են ունենալու ավտոերթեր, հաշվի առնելով եղանակային պայմանները հանրահավաք տեղի չի ունենալու: Իսկ երեքշաբթի օրը ես համարում եմ շատ կարեւոր օր, այդ օրը առավոտյան ժամը 8:00-ին ամբողջ մայրաքաղաքում պետք է տեղի ունենան անհնազանդության ակցիաներ, մենք պետք է ձեւավորենք 80-100 խմբեր, որոնք պետք է դուրս գան փողոց, որպեսզի ամբողջ քաղաքը կասեցնենք»:
Ավելի ուշ ֆեյսբուքյան գրառմամբ նա տեղեկացրել էր ժամը 8:00-ից մեկնարկող ավտոերթերի երթուղիները:
1. Աշտարակի խճուղի` Կարմիր խաչի գրասենյակի դիմաց
2. Արտաշատի խճուղի` «Կոնտինենտալ»-ի դիմաց
3. Երևան-Աբովյան մայրուղի` «Փարավոն» ռեստորանային համալիրի մոտ
4. Արգավանդի խճուղի` օդանավակայան տանող ճանապարհի գազալցակայանի մոտ
5. Արինբերդի խճուղի («Տեցի կռուգ»)
Հիշեցնենք, որ շաբաթ եւ կիրակի անհնազանդության ակցիաներ մայրաքաղաքում տեղի չեն ունեցել: