Որքա՞ն վիտամին C է իրականում անհրաժեշտ իմունային աջակցության համար
Ավելորդ քաշ ունեցող մարդկանց կարող է անհրաժեշտ լինել օրական մի քանի խնձոր՝ իրենց իմունային համակարգը ուժեղացնելու, COVID-19-ի և սեզոնային մրսածության կանխարգելման համար:
Բայց ինչպե՞ս է այս վիտամինը կապված մարդու քաշի հետ:
Նորզելանդացի գիտնականների նոր ուսումնասիրությունը թույլ է տվել առաջին անգամ պարզել, թե որքան հավելյալ վիտամին C պետք է օգտագործեն մարդիկ՝ կապված իրենց մարմնի քաշի հետ՝ բարձր իմունիտետ պահպանելու համար:
Աշխատանքի հեղինակները պարզել են, որ յուրաքանչյուր 10 կիլոգրամ ավելորդ քաշի համար մարդուն օրական անհրաժեշտ է հավելյալ 10 միլիգրամ վիտամին C՝ իմունային առողջությունը օպտիմալացնելու համար։
ԱՄՆ-ից և Դանիայից երկու հետազոտողների համահեղինակությամբ գիտնականները համեմատել են նախորդ երկու խոշոր միջազգային հետազոտությունների արդյունքները:
Ստացված արդյունքները կարևոր են ամբողջ աշխարհում հանրային առողջության համար, նշում են հեղինակները։ Հատկապես ներկայիս COVID-19 համաճարակի պայմաններում, վիտամին C-ն կարևոր է իմունային համակարգին աջակցելու համար և կենսական նշանակություն ունի օրգանիզմը ծանր վիրուսային հիվանդություններից պաշտպանելու համար:
Ավելին, արդեն հայտնի է, որ գիրությունը COVID-19-ով վարակվելու ռիսկի գործոն է, և որ գեր հիվանդներն ավելի հավանական է, որ ունենան ծանր հիվանդության ընթացք։ Եվ, ամենայն հավանականությամբ, ապաքինվելուց հետո էլ դեռ երկար կզգան դրա հետևանքները։
Հիշեցնենք, որ Բնակչության հիգիենիկ կրթության ռուսական կենտրոնի տվյալներով՝ վիտամին C-ի օգտագործման չափը տղամարդկանց համար կազմում է օրական 90մգ, իսկ կանանց համար՝ օրական 75մգ:
Սակայն նման չափանիշը խիստ պայմանական է, ինչն ապացուցել են աշխատանքի հեղինակները։ Դա կախված է ոչ թե մարդու սեռից, այլ նրա մարմնի զանգվածից, որն այսօր՝ 21-րդ դարում, մեծ հավանականությամբ կարող է չափազանցված լինել։
Նոր Զելանդիայի չափանիշների հիման վրա գիտնականները պարզել են, որ 90 կիլոգրամ քաշ ունեցող մարդը պետք է հավելյալ 30մգ վիտամին C ընդունի՝ օրական 140մգ օպտիմալ նորմայի հասնելու համար։
Միաժամանակ 120 կգ քաշ ունեցող մարդուն օրական առնվազն 40 միլիգրամ լրացուցիչ վիտամին C կպահանջվի՝ օրական օպտիմալ 150մգ-ի հասնելու համար։
Հեղինակները շեշտում են, որ վիտամին C-ի օրական ընդունումը ավելացնելու ամենահեշտ ձևն այս վիտամինով հարուստ բանջարեղեն և մրգեր օգտագործելն է՝ կիվի, նարինջ և այլ ցիտրուսային մրգեր, հատապտուղներ, բրոկոլի, լոլիկ: Կարող եք նաև, իհարկե, վիտամին C-ի հավելումներ ընդունել:
Հետազոտողները նշում են, որ միջին չափի խնձորը պարունակում է 10մգ վիտամին C: Հետևաբար, ունենալով 70-ից 80 կիլոգրամ քաշ, դուք կարող եք պարզապես օրական մի քանի հավելյալ խնձոր ուտել, որպեսզի հասնեք ձեր անհատական վիտամին C-ի պահանջներին:
Ավելի մեծ քաշի դեպքում նարինջը, որը պարունակում է 70 միլիգրամ վիտամին C, կամ կիվի, որը պարունակում է մինչև 100 մգ , ամենայն հավանականությամբ, կօգնի օրգազնիզմին ապահովել վիտամին C-ի անհրաժեշտ պաշարը:
Շաքարային դիաբետով կամ սահմանափակող դիետա ունեցող մարդկանց համար, որոնցում այս բանջարեղենն ու մրգերը հակացուցված են, վիտամին C-ի հաբերը կարող են այլընտրանք լինել:
Բացի այդ, քանի որ շատ մարդկանց ֆինանսական հնարավորությունները թույլ չեն տալիս օրական բավականաչափ թարմ մրգեր ուտել, կարող է օգնել սովորական և բավականին էժան «ասկորբինաթթուն»: