«Չենք ուզում մաֆիոզ պետություն». Ադրբեջանում բողոքի ակցիա է անցկացվել
Ադրբեջանի ժողովրդավարական շարժման մի խումբ ակտիվիստներ մայիսի 14-ին Բաքվում բողոքի ակցիա են անցկացրել՝ ընդդեմ հասարակական գործիչների և լրագրողների նկատմամբ աճող բռնության և սպառնալիքների: Ակցիան անցել է «Չենք ուզում մաֆիոզ պետություն» կարգախոսով։
Բողոքի ակցիայի կազմակերպիչների մեծ մասը ձերբակալվել է մինչև ակցիայի մեկնարկը:
Մասնակիցները պնդել են, որ վերջին շրջանում Ադրբեջանում հաճախակի են դարձել հասարակական գործիչների և լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը, և այդ հանցագործությունները մնում են անպատիժ:
«Մենք կարծում ենք, որ այդ հարձակումները վերջինը չեն, և եթե հասարակությունը բողոքի ձայն չբարձրացնի, կլինեն ավելի ծանր հանցագործություններ, այդ թվում՝ քաղաքական սպանություններ։ Կոչ ենք անում պետությանը վերջ դնել այդ սարսափելի հանցագործություններին, գտնել և պատժել մեղավորներին»,- նշված է ակցիայի մասնակիցների ուղերձում։
Ակտիվիստները մտադիր էին երթով հասնել ներքին գործերի նախարարություն և այնտեղ ընթերցել ուղերձի տեքստը։ Սակայն ոստիկանությունը թույլ չի տվել, և ակցիան տևել է ընդամենը 30 րոպե:
Ակցիայի ընթացքում ձերբակալվել է մոտ 30 մարդ, ևս 13 քաղաքացու դուրս են բերել Բաքվից և թողել ճանապարհին: