Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին ԵՄ-ի վերջը կնշանակի. ՌԴ ԱԳՆ
Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը դրա փլուզում կնշանակի: Այս մասին շաբաթ օրը լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Եթե Եվրամիությունն իսկապես [ներառի] այս պետությունը, որտեղ նացիստական խմբավորումներն են թելադրում խաղի կանոնները եւ նացիստական գաղափարախոսություն է տիրում, որն անհամատեղելի է եվրոպական արժեքների հոտ, [դա] Եվրամիության վերջը կնշանակի»,- ասաց նա։
Ռուսաստանի փոխարտգործնախարարը հավելել է, որ այս որոշումը ցույց կտա, որ ԵՄ-ն «առաջնորդվում է ոչ թե ինչ-որ արժեքներով, որոնց հիման վրա այն ստեղծվել է, այլ զուտ աշխարհաքաղաքականությամբ»։
«Մենք հստակ հասկանում ենք, թե որ ուղղությամբ է փոփոխվում Եվրամիությունը, այն հեռվացել է այն սկզբունքներից եւ նկրտումներից, որոնք Եվրամիության հիմքն ու գաղափարախոսությունն էին. պատերազմի ժառանգության հաղթահարում, նախկին հակառակորդների միջեւ խաղաղ հարաբերությունների ձեւավորում՝ Գերմանիայի եւ Ֆրանսիայի պատմական հաշտեցումը: Իսկ հիմա, եթե նայենք Եվրամիության գործնական քայլերին տնտեսական ոլորտում, ապա դա պարզապես ջունգլիների օրենք է։ Նրանք անընդհատ խոսում են կանոնների վրա հիմնված կարգի մասին, այդ կարգը մենք տեսնում ենք գործողության մեջ: Կարելի է գողանալ, ապօրինի տիրանալ այլ պետությունների ունեցվածքին, անօրինական կամայական պատժամիջոցներ կիրառել»,- ասել է Գրուշկոն:
Նա նշել է, որ Եվրամիությունը հետեւում է ՆԱՏՕ-ին, իսկ ԵՄ դոկտրինալ փաստաթղթերում Ռուսաստանը որպես գլխավոր թշնամի կամ հակառակորդ է նշված:
«Ուստի մենք բացարձակապես սթափ ենք վերաբերվում Եվրամիությանը, բայց, միեւնույն ժամանակ, ելնում ենք նրանից, որ արտաքին առեւտրի մեծ ծավալ ունենք։ Մենք չէինք սահմանափակող միջոցների նախաձեռնողը: Բայց եթե Եվրամիությունը կարծում է, որ Ռուսաստանն իրեն որպես տնտեսական եւ քաղաքական գործընկեր հետաքրքիր չէ, ապա մենք կգործենք ռացիոնալ՝ ելնելով այդ նոր իրողությունից։ Բայց մենք դա վաղուց էինք կանխատեսել, ուստի այսօր հիմնական շեշտը դրվում է մեր արեւելյան ուղղության զարգացման վրա, ասիական երկրների հետ մեր արտաքին քաղաքականության վրա»,- ասել է նա։
ՌԴ փոխարտգործնախարարի խոսքով՝ դա օբյեկտիվ գործընթաց է, քանի որ «Եվրոպայի դերը միջազգային առեւտրում ընկնում է, եւ տնտեսական աճի, ֆինանսական ազդեցության եւ քաղաքական ազդեցության կենտրոնները տեղափոխվում են դեպի Արեւելք»։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Դուշանբեում ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսին ասել էր, որ ԵՄ-ին անդամակցելու Կիեւի ցանկության անվնասությունը «լուրջ կասկածներ» է հարուցում Մոսկվայում։ Նա նաեւ նշել էր, որ Եվրամիությունը «կառուցողական եւ տնտեսական հարթակից, ինչպիսին այն ստեղծվել էր», «ագրեսիվ ռազմատենչ խաղացողի» է վերածվել։