Շրի Լանկան 12 ժամով չեղարկել է պարետային ժամը. նոր վարչապետը փորձում է կառավարություն ձևավորել
Շրի Լանկան շաբաթ օրը 12 ժամով չեղարկել է համազգային պարետային ժամը՝ ավելի մեղմացնելով խիստ սահմանափակումները, քանի որ երկրի նոր վարչապետ Ռանիլ Վիկրեմեսինգեն փորձում է կառավարություն ձեւավորել հակակառավարական խմբերի հետ բախումներից հետո, որոնց հետեւանքով ինը մարդ էր զոհվել, հայտնում է Reuters-ը։
Կառավարության դեմ ավելի քան մեկ ամիս շարունակվող հիմնականում խաղաղ ցույցերն այս շաբաթ բռնության վերածվեցին այն բանից հետո, երբ Շրի Լանկայի նախկին վարչապետ Մահինդա Ռաջապակսայի կողմնակիցները ներխուժեցին մայրաքաղաք Կոլոմբոյում հակակառավարական բողոքի ճամբար, այրեցին վրանները եւ հարձակվեցին ցուցարարների վրա:
Նախնական բախումների արդյունքում ավելի քան 300 մարդ էր վիրավորվել։
Կառավարությունը շաբաթ օրը առավոտյան ժամը 6-ից մինչեւ երեկոյան 6-ը չեղարկել էր պարետային ժամը: Երկուշաբթի օրը սահմանված 24-ժամյա պարետային ժամըմի քանի ժամով չեղարկվել էր հինգշաբթի եւ ուրբաթ օրերին՝ բնակիչներին առաջին անհրաժեշտության իրեր գնելու հնարավորություն ընձեռելու համար:
Ռաջապակսան հրաժարական էր տվել երկուշաբթի օրը տեղի ունեցած բռնության բռնկումից հետո՝ նախագահի պաշտոնում թողնելով իր կրտսեր եղբորը՝ Գոտաբայա Ռաջապաքսային։
Համավարակի, նավթի գների աճի եւ հարկերի կրճատման արդյունքում Շրի Լանկան իր ամենավատ տնտեսական ճգնաժամն է ապրում 1948 թ. Բրիտանիայից անկախանալուց ի վեր: