Մահացել է Ռոնալդ Ռեյգանի` ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ռոբերտ Մաքֆարլեյնը
Մայիսի 12-ին Միչիգան նահանգի Լանսինգ քաղաքում մահացել է ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ռոբերտ Մաքֆարլեյնը, ով Սպիտակ տան միակ պաշտոնյան էր, որ կամովին ընդունեց իր իրավաբանական մեղքն Իրանին մաքսանենգ ճանապարհով զենքի վաճառքի հետ կապված սկանդալում: Նա 84 տարեկան էր, հայտնում է The Washington Post-ը։
Նրա որդու՝ Սքոթ Մաքֆարլեյնի խոսքով՝ մահվան պատճառը թոքերի հիվանդության սրացումն էր։ Մաքֆարլեյնն ապրում էր Վաշինգտոնում եւ հոսպիտալացվել էր Միչիգանում գտնվող հարազատներին այցելելու ժամանակ:
1970-ականների սկզբին նա Հենրի Քիսինջերի ռազմական օգնականն էր, ով ե՛ւ պետքարտուղար էր, ե՛ւ նախագահ Ռիչարդ Նիքսոնի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականը:
1979 թ. թոշակի անցնելուց հետո Մաքֆարլեյնը ծառայել էր Սենատի Զինված ծառայությունների կոմիտեի աշխատակազմում, իսկ ավելի ուշ դարձել էր պետքարտուղար Ալեքսանդր Հեյգի խորհրդականը Ռեյգանի վարչակազմի առաջին տարիներին:
Նա ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ էր դարձել եւ 1982 թ. հասել էր ԱՄՆ ծովային հետեւակայինների ուղարկմանը Լիբանան խաղաղապահ առաքելության համար, որը, սակայն, ողբերգական ավարտ ունեցավ։
Որպես ազգային անվտանգության խորհրդական՝ նրան վերագրվում է օգնությունը Ռեյգանի կողմից առաջարկված Ռազմավարական պաշտպանության հրթիռային նախաձեռնության ձեւավորման հարցումը, որը հայտնի է որպես «Աստղային պատերազմներ»:
Սակայն նրա կողմից արված ամեն ինչ մթագնեց «Իրան-կոնտրաս» (կամ «Իրանգեյթ») սկանդալով` պատժամիջոցների շրջանցմամբ Իրանին զենքի վաճառքով` Լիբանանում պահվող ամերիկացի պատանդներին ազատելու հարցում այդ երկրին օգնելու համար: Այդ ջանքերը նաեւ պետք է օգնեին վերականգնել Իրանի հետ ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունները, որոնք խզվել էին 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո: