Ամերիկացի գիտնականները հայտարարել են, որ բացահայտել են Պարսից ծոցի պատերազմի համախտանիշի առեղծվածը
Մոտ 30 տարի անց ամերիկացի գիտնականները հայտարարել են, որ վերջապես ապացույց են գտել Պարսից ծոցի պատերազմի համախտանիշի հիմնական պատճառի մասին. նյարդային խանգարում առաջացնող զարին գազի ցածր մակարդակի ազդեցությունը, գրում է UPI-ն:
Պարսից ծոցում պատերազմի համախտանիշը համարվում է մի շարք երկարատեւ ախտանշանների առաջացման պատճառը 1991 թվականի ռազմական հակամարտության մասնակից վետերանների մեկ քառորդի մոտ: Ախտանշանները տարբերվում են շնչառության խանգարումից ու հիշողության կորստից մինչեւ քրոնիկ խնդիրներ՝ կապված մարսողական համակարգի ու մկանային ցավի հետ:
Բազմաթիվ տեսություններ են առաջ քաշվել այդ վիճակի պատճառների մասին՝ հաշվի առնելով այն, որ զորքերը ենթարկվել են բազմազան քիմիական նյութերի ազդեցության, այդ թվում՝ այրվող նավթահորերի եւ թունաքիմիկատների:
Նոր հետազոտության մեջ նշվում է, որ գլխավոր մեղավորը զարինն է եղել, որը նյարդային խանգարում առաջացնող գազ է, որը օդ է արտանետվում ռմբակոծության ժամանակ:
Գիտնականները պարզել են, որ վետերանները, որոնք գազի «թույլ» տեսակի կրողներ են, առավել խոցելի են հիվանդության հանդեպ: Դա, ըստ մասնագետների, ոչ միայն զարինն է մատնանշում որպես պատճառ, այլեւ մեկնաբանում է, թե ինչու են հիվանդացել միայն որոշ վետերաններ, որոնք ենթարկվել են գազի ազդեցությանը, իսկ մյուսները՝ ոչ:
«Կարծում ենք, որ դա պատառահետեւանքային կապի ապացույցն է»,- ասել է հետազոտության հեղինակ Ռոբերտ Հեյլին, որն արդեն 28 տարի ուսումնասիրում է Պարսից ծոցի պատերազմի համախտանիշը: