Ջեն Փսակին լքում է Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնը
Ջեն Փսակին ուրբաթ կեսօրին տվել է իր 224-րդ եւ վերջին ճեպազրույցը՝ որպես Սպիտակ տան մամուլի քարտուղար, հայտնում է CNN-ը։
Նա շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին համատեղ աշխատանքի համար։
Պսակայի իրավահաջորդը՝ Կարին Ժան-Պիեռը, ուրբաթ հաստատել է, որ շարունակելու է կանոնավոր ճեպազրույցներ անցկացնել:
Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման 16 ամսվա ընթացքում Փսակին «ավելի շատ ճեպազրույցներ է անցկացրել, քան նախագահ Դոնալդ Թրամփի բոլոր մամուլի քարտուղարները միասին վերցրած»։
Սպիտակ տան անցումային ծրագրի տնօրեն Մարթա Ջոնթ Կումարի խոսքով՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ճեպազրույցների ընդհանուր թիվը 205 էր: Կումարը հաշվել է Շոն Սփայսերի 58 ճեպազրույց, Սառա Սանդերսի 107 ճեպազրույցը, Ստեֆանի Գրիշեմի՝ զրո եւ Քեյլի ՄաքԷնանիի՝ 40 չորս տարվա ընթացքում:
Այժմ Փսակին գնում է հեռուստատեսություն, մասնավորապես՝ MSNBC, թեեւ նա դեռ ոչ մի պայմանագիր չի ստորագրել եւ մինչեւ աշուն նոր աշխատանքի չի անցնի:: Քլեր Աթկինսոնը Insider-ից Փսակիի պաշտոնը նկարագրել է որպես «գլոբալ պաշտոն, որում նա կհայտնվի NBC News-ում, MSNBC-ում եւ Peacock-ի հոսքային սերվիսում»: