Սև լճից մինչև Տիգրանաշեն. Հայաստանի և Արցախի ճակատագիրը կախված է մեկ մարդուց…
ՏեսանյութերԱրդեն 1 տարի է, ինչ ադրբեջանական զինված խմբավորումներն առանց կրակոցի ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք, գրավել Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում գտնվող մի շարք ռազմավարական բարձունքներ, զենքի սպառնալիքով մարտական հենակետերից հեռացրել հայ դիրքապահներին: Մայիսի 12-ից հունիսի 8-ն ընկած ժամանակահատվածում, այսինքն՝ ընդամենը 1 ամսում, ադրբեջանցի զինվորները գերեվարել էին 7 հայ զինծառայողի:
Այն ժամանակ ՀՀ գործադիր մարմնի ղեկավարն էլ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում շտապեց արձանագրել, որ Սյունիքի մարզի Սև լճի շուրջ և մերձակա տարածքներում պայթյունավտանգ իրավիճակ է: Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին, Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին հանձնարարեց դիմել ՀԱՊԿ-ին:
ՀԱՊԿ-ից ընդհանրապես և Ռուսաստանից մասնավորապես որևէ գործուն քայլեր չեղան: Որևէ ձևով ՀԱՊԿ-ը չմիջամտեց Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանների հանդեպ ոտնձգություններին, մինչ օրս պարզ չէ, թե ինչու. առաջացած սպառնալիքի վերացման նպատակով ՀԱՊԿ-ին դիմեցին արտակարգ խորհրդատվություններ անհապաղ սկսելու խնդրանքով և ոչ կոնկրետ գործողությունների:
Օրեր անց փոխվեց Փաշինյանի հռետորաբանությունը: Մոտենում էր Արտահերթ խորհրդարանական ընտրության օրը, և ընտրություններից առաջ՝ մայիսի 27-ին՝ նախընտրական քարոզչության ընթացքում Փաշինյանը սկսեց արդարացնել ադրբեջանական զինված խմբավորումների՝ ՀՀ սուվերեն տարածք ներխուժումը, թե իբր զորքերն առաջ են եկել սահմանային ճշգրտումներ կատարելու նպատակով:
Այսօր իրականությունը մեկն է: Ադրբեջանական զինված խմբավորումները արդեն մեկ տարի գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում: Հայաստանի դե ֆակտո իշխանությունը որևէ քայլ չի ձեռնարկում նրանց այնտեղից հեռացնելու համար: Ադրբեջանի ախորժակն օրեցօր ավելի է բացվում՝ ավելի մեծ սպառնալիքներ ստեղծելով Հայաստանի գոյության համար, բայց Հայաստանի իշխանությունը հետ չի կանգնում ադրբեջանաթուրքական տանդեմի հետ խաղաղության դարաշրջան կոչվող սիրախաղից: Հայաստանից ու Ադրբեջանից հնչող նույնական հայտարարություններն ու փոխանցումներով խաղն այլևս կասկած չի թողնում, որ կան ներքին պայմանավորվածություններ, որ հայ հասարակության թիկունքում կրկին դավեր են նյութվում, քայլերն արվում են համաձայնեցված ու այդ նպատակով մեզ շեղում են տարբեր թեմաներով: