Դմիտրի Մեդվեդևը կանխատեսում է տարածաշրջանային ռազմական կոնֆլիկտներ՝ կապված ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հետ
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կանխատեսում է տարածաշրջանային ռազմական կոնֆլիկտներ՝ կապված ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հետ։ Telegram-ի իր ալիքում Մեդվեդևը գրում է աշխարհի մասին՝ հակառուսական պատժամիջոցներից հետո։
«1. Ապրանքների մատակարարման մի շարք գլոբալ շղթաներ կփլուզվեն, հնարավոր է լուրջ լոգիստիկ ճգնաժամ, ներառյալ օտարերկրյա ավիաընկերությունների գործունեության փլուզումը, որոնց արգելված է թռչել Ռուսաստանի տարածքով:
2. Էներգետիկ ճգնաժամը կսրվի այն երկրներում, որոնք «կրակում են իրենց ոտքերին», պատժամիջոցներ են սահմանում ռուսական էներգակիրների մատակարարման դեմ։
3. Լիարժեք միջազգային պարենային ճգնաժամ կսկսվի առանձին պետություններում՝ սովի մատնվելու հեռանկարով:
4. Որոշ երկրներում հնարավոր է դրամավարկային և ֆինանսական ճգնաժամ, որը կապված է մի շարք ազգային արժույթների կայունության խախտման, թռիչքաձև ինֆլյացիայի եւ մասնավոր սեփականության պաշտպանության իրավական համակարգի ոչնչացման հետ:
5. Տարածաշրջանային նոր ռազմական հակամարտություններ կծագեն այն վայրերում, որտեղ իրավիճակը երկար տարիներ չի լուծվում խաղաղ ճանապարհով կամ անտեսվում են միջազգային խոշոր խաղացողների էական շահերը։
6. Ահաբեկիչներն ակտիվանում են՝ համարելով, որ այսօր արևմտյան իշխանությունների ուշադրությունը շեղված է Ռուսաստանի հետ դիմակայության վրա։
7. Կսկսվեն նոր համավարակներ՝ ազնիվ միջազգային համագործակցությունից հրաժարվելու կամ կենսաբանական զենքի կիրառման ուղղակի փաստերի պատճառով։
8. Կլինի անկում միջազգային կառույցների գործունեության մեջ, որոնք չկարողացան ապացուցել իրենց արդյունավետությունն Ուկրաինայում իրավիճակի կարգավորման գործընթացում, ինչպիսին, օրինակ, Եվրոպայի խորհուրդն է։
9. Կձևավորվեն երկրների նոր միջազգային դաշինքներ՝ հիմնված պրագմատիկ, այլ ոչ թե գաղափարական անգլո-սաքսոնական չափանիշների վրա։
10. Արդյունքում կստեղծվի անվտանգության նոր ճարտարապետություն, որտեղ դե ֆակտո, ապա դե յուրե կճանաչվեն առկա իրողությունները։