ԵՀ-ն բախվել է զանգվածային վրդովմունքի՝ կապված ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին աջակցելու համար Հունգարիային կաշառելու ծրագրի հետ
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը բախվել է մղձավանջային իրավիճակի, քանի որ մի քանի անդամ երկրներ զայրացած են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին աջակցելու համար Հունգարիային կաշառք տալու ծրագրի պատճառով, գրում է Express-ը:
Հունգարիային ֆինանսավորում տրամադրելու Եվրահանձնաժողովի ծրագիրը, որը կօգնի նախագահ Վիկտոր Օրբանին համոզել համագործակցել ԵՄ պատժամիջոցների հարցում, ԵՄ մի քանի երկրների զայրույթն է առաջացրել:
Հաղորդվում է, որ պաշտոնատար անձինք քննարկում են Օրբանին ֆինանսական փոխհատուցում առաջարկելու հնարավորությունը, քանի որ Հունգարիան հրաժարվել է ստորագրել ռուսական նավթի դեմ պատժամիջոցներ կիրառելու ԵՄ ծրագիրը: Հունգարիայի ղեկավարը նավթի ամբողջական արգելքը «միջուկային ռումբ» է անվանել եւ հրաժարվել է աջակցել դրան՝ ներմուծումը աստիճանաբար դադարեցնելու համար ավելի շատ ժամանակ պահանջելով:
Առանց բոլոր 27 անդամ պետությունների աջակցության ԵՄ-ն չի կարող առաջ շարժվել։
Օրբանը հայտարարել է, որ թեեւ իր կառավարությունը պատրաստ է բանակցել ԵՄ-ի ցանկացած առաջարկի շուրջ, որը համապատասխանում է Հունգարիայի շահերին, երկրի աշխարհագրությունը եւ առկա էներգետիկ ենթակառուցվածքը անհնարին են դարձնում ռուսական նավթի մատակարարումների դադարեցումը:
Եվրահանձնաժողովը ներկայումս բախվում է իր ծրագրի հանդեպ բացասական վերաբերմունքի, քանի որ աշխարհի բարձրաստիճան դիվանագետները չորեքշաբթի օրը Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ մտահոգություններ են հայտնել այդ կապակցությամբ:
Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ամեն կերպ ուզում է առաջ մղել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որն այս անգամ ուղղված է ռուսական նավթի արտահանման դեմ:
Աղբյուրների համաձայն՝ ԵՄ-ն անհապաղ արգելք չի մտցնի ռուսական նավթի վրա, այլ ավելի շուտ կձեւավորի ծրագիր, ըստ որի մինչեւ տարեվերջ Մոսկվայից նավթի ներկրումը աստիճանաբար կդադարեցվի։
Անցյալ ամիս ԵՄ բոլոր 27 կառավարությունները համաձայնել էին օգոստոսից արգելափակել ռուսական ածխի եւ այլ պինդ հանածո վառելիքի ներմուծումը:
Այս քայլին հասնելն ավելի հեշտ էր, քանի որ ածուխը Ռուսաստանի հանածո վառելիքի արտահանման ամենափոքր մասն է կազմում:
Որպեսզի համոզեն Բուդապեշտին ստորագրել պատժամիջոցները, Եվրահանձնաժողովը նախատեսում է օգտագործել վճարային մեխանիզմներ, որոնք կհայտարարվեն REPowerEU կոչվող ԵՄ ապագա էներգետիկ ռազմավարության մեջ, հայտնում է POLITICO-ն:
Այդ ռազմավարության մասին կհայտարարվի մայիսի 18-ին, եւ այն պետք է միջոցներ տրամադրի ԵՄ բոլոր երկրներին, որպեսզի 2030 թվականից շատ շուտ դադարեն հույսը դնել ռուսական հանածո վառելիքի վրա: