Թուրքիայի իշխանությունները ճնշում են գործադրում բանկերի վրա, որպեսզի սահմանափակեն արտարժույթի գնումները
Թուրքիայի կենտրոնական բանկը եւ պետական այլ կառույցներ ճնշում են գործադրում բանկերի վրա՝ լիրայի անկումից հետո կորպորատիվ հաճախորդներին արտարժույթի վաճառքը սահմանափակելու համար, ինչը մտավախություն է առաջացրել փխրուն արժույթի նոր վաճառքի առումով:
Ըստ Financial Times-ի՝ կենտրոնական բանկն ուսումնասիրում է ընդամենը 1 միլիոն դոլար արժողությամբ արտարժույթի գործարքները, հայտարարել են Ստամբուլի բանկիրները:
«Նույնիսկ 1 կամ 2 միլիոն դոլարի համար զանգում են, որ ստուգեն՝ ո՞վ է գնորդը»,- ասել է թուրք բանկիրներից մեկը: «Նրանք իսկապես մտահոգված են կորպորատիվ հոսքով»։
Թուրքական լիրան նվազել է վերջին վեց առեւտրային օրվա ընթացքում՝ այս տարի կորցնելով գրեթե 15 տոկոս եւ հաղթահարելով մեկ դոլարի դիմաց 15 լիրայի հոգեբանական պատնեշը։ Անցյալ տարի արժույթն ընկավ 44 տոկոսով այն բանից հետո, երբ կենտրոնական բանկը հետեւեց տոկոսադրույքները նվազեցնելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանին, չնայած ինֆլյացիայի արագացմանը: 2022 թվականին նա դրույքաչափերը պահպանել է 14 տոկոսի մակարդակում՝ չնայած մինչեւ 70 տոկոսով գների տարեկան կտրուկ աճին:
Ըստ FT-ի՝ բանկիրներն ասում են, որ այլ ելք չունեն, քան կատարել կենտրոնական բանկի նախնական հաստատման պահանջները արտարժույթի խոշոր գնումների համար՝ ոլորտի վրա կառավարության քաղաքական ճնշման աճի պատճառով: Բանկերին ասվել է, որ հրաժարվեն գնման որոշ հայտերից, հատկապես, եթե դրանք գերազանցում են 5 միլիոն դոլարը:
Բանկիրներից մեկն ասել է, որ կառավարության միջամտությունը «ուժեղանում է», եւ ոլորտը «ավելի ուշադիր ուսումնասիրության է ենթարկվում»:
Թուրքիան բախվել է լիակատար ֆինանսական փլուզման հեռանկարին, երբ լիրան դեկտեմբերին անընդմեջ իջավ մինչեւ ռեկորդային նվազագույնի՝ ստիպելով կառավարությանը մտցնել բանկային հատուկ ավանդներ, որոնք փոխհատուցել են թուրքերին դոլարի նկատմամբ լիրայով կորուստների համար՝ արժույթի կայունացման նպատակով:
Մինչեւ անցյալ շաբաթ լիրան 1 դոլարի դիմաց 14,5-14,75 դոլարի սահմաններում էր սակարկվում գրեթե երկու ամիս, քանի որ կենտրոնական բանկը եւ պետական բանկերը օգնել էին կայունացնել դրա արժեքը շուկայական միջամտությունների միջոցով: Տնտեսագետները զգուշացրել են, որ միջամտության քաղաքականությունը կենսունակ չէ դոլարի համաշխարհային պահանջարկի աճի պատճառով։
Արտարժույթի գնումը սահմանափակելու համար բանկերի եւ ընկերությունների վրա ճնշումը գործադրվում է նաեւ այն ժամանակ, երբ թուրքական արտարժույթի շուկայում իրացվելիությունը շատ փոքր է՝ շատ օտարերկրյա ներդրողներ հրաժարվել են լիրայով առեւտուր անել՝ մասամբ արտարժույթի շուկայի բնականոն գործունեությանը իշխանությունների միջամտության պատճառով: