Վանեցյանի համար անընդունելի մարդիկ կան, իսկ Շարմազանովն էլ խոսում է պետական շահից խոսող Նիկոլին «պոլի շորի» ծառայողներից. ի՞նչ է կատարվում Ֆրանսիայի հրապարակում. ArmDaily.am
«Հայրենիք» կուսակցության ու խորհրդարանական «Պատիվ ունեմ» խմբակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ Ֆրանսիայի հրապարակում մարդկանց է տեսնում, որոնք իր համար անընդունելի են:
«Այդ մարդիկ հարված են հասցնում շարժմանը»,- ասել է Վանեցյանը՝ հրաժարվելով անուններ հնչեցնել։
Հատկանշական է, որ այս հայտարարությունից առաջ էլ ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում էր գրառում արել՝ հայտարարելով, որ «մարդիկ կան Նիկոլին «պոլի շորի» նման ծառայել են, հիմա եկել նիկոլիզմի դեմ ու պետական շահից են խոսում»։
ArmDaily.am-ը կապ հաստատեց «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանի հետ՝ պարզելու, թե ում նկատի ուներ Արթուր Վանեցյանը և արդյոք Ֆրանսիայի հրապարակում հավաքված ուժերի ներկայացուցիչների միջև խնդիրներ են առաջացել։
Մեզ հետ զրույցում Արսեն Բաբայանն ասաց, որ տեղյակ չէր Վանեցյանի հայտարարությունից։ Ինչ վերաբերում է տարբեր ուժերի ներկայացուցիչների միջև փոխհարաբերություններին, ապա նա նշեց, որ մթնոլորտը Ֆրանսիայի հրապարակում հրաշալի է։
«Ես որևէ խնդրի մասին չգիտեմ, չեմ էլ տեսնում»,- ասաց Բաբայանը։
Փորձեցինք նաև կապ հաստատել «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանի հետ, սակայն նա անհասանելի էր։