20 եվրոպական ընկերություն «Գազպրոմբանկում» հաշիվներ է բացել գազի դիմաց վճարելու համար
«Գազպրոմբանկում» եվրոպական 20 ընկերություն հաշիվներ է բացել ռուսական գազի դիմաց վճարելու համար։ Հինգշաբթի՝ մայիսի 12-ին, այս թիվն է նշել Bloomberg-ը։
Գործակալությունը, հղում կատարելով իր աղբյուրին, տեղեկացրել է, որ տասը ընկերությանը, որոնք մինչ այդ հաշիվներ էին բացել ռուսական բանկում, միացել է նույնքան թվով ընկերություն։ Բացի այդ, այժմ եւս 14 ընկերություն անհրաժեշտ տվյալներ տրամադրելու հարցում է արել՝ «Գազպրոմբանկում» հետագայում հաշիվներ բացելու համար։
Նշվել է, որ այդ ընկերությունները գազի մատակարարման համար վճարելու են ռուսական արժույթով։
«Ընդհանուր առմամբ, 20 եվրոպական ընկերություն հաշիվներ է բացել»,- ասել է աղբյուրը։ Ընդ որում՝ գործակալության զրուցակիցը հրաժարվել է նշել ընկերությունների անունները։
Մինչ այդ հայտնի էր դարձել, որ գերմանական Uniper էներգակոնցեռնը կշարունակի ռուսական գազի դիմաց եվրոյով վճարել։ Ներկայում գերմանական ընկերությունը Գերմանիայի կառավարության հետ խորհրդակցում է հարցի շուրջ։ Ընդ որում՝ գերմանական Verbundnetz Gas (VNG) գազային ընկերությունը համաձայնել է գազի վճարման ռուսական սխեմային։ Շուտով այն կսկսի եվրոյով վճարումները փոխանցել «Գազպրոմբանկ»՝ Ռուսաստանից ստացվող գազի դիմաց հետագա վճարման համար։