Հյուսիսային Կորեայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է հայտնաբերվել
Հյուսիսային Կորեայի իշխանությունները երկրի տարածքում հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը։ Այս մասին նշվել է հինգշաբթի Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության տարածած հաղորդագրությունում։
«Երկրում տեղի է ունեցել մեծ արտակարգ պատահար, ճեղքվել է հակահամաճարակային ճակատը, որը հուսալիորեն պաշտպանված էր երկու տարի երեք ամիս՝ սկսած 2020թ. փետրվարից»,- նշվել է հաղորդագրությունում։ «Մայիսի 8-ին մայրաքաղաքում հավաքված նմուշների ուսումնասիրության արդյունքների ուշադիր զննումից հետո որոշվել է, որ դրանք համընկնում են BA.2 օմիկրոն շտամի ենթատեսակի հետ, որը վերջին ժամանակներս սրընթաց տարածվում է աշխարհում»,- նշվել է հաղորդագրությունում։
Գումարվել է Կորեայի Աշխատանքային կուսակցության Կենտկոմի քաղբյուրոյի նիստ, որին ներկա է եղել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։ «Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի ճեղքվածքներ թույլ չտանք անվտանգության ոլորտում, մենք պետք է ուժեղացնենք աշխատանքը սահմանին եւ կորոնավիրուսի դեմ պայքարի ճակատում»,- ասել է նա։
Մինչ այդ հանրապետությունում կորոնավիրուսով վարակման դեպքերի մասին իշխանությունների կողմից տեղեկություններ չեն եղել։