Բաքվում հաստատել են, որ հրաժարվում են կատարել հայ գերիներին ազատ արձակելու պարտավորությունները
Ադրբեջանի ԱԳՆ-ում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Նիդեռլանդներ կատարած այցի ընթացքում հնչեցրած մեղադրանքները համարում են «անհիմն, դրանք կասկածի տակ են դնում Բաքվի հետ հարաբերությունները կարգավորելու եւ տարածաշրջանում խաղաղության հասնելու Երեւանի անկեղծությունը»։ Հայաստանի վարչապետի հայտարարություններն այսպես է մեկնաբանել Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաեւան։
«Ադրբեջանի հասցեին Հայաստանի վարչապետի առաջադրած անհիմն մեղադրանքները, ներառյալ իրականությունից հեռու պնդումները հումանիտար հարցերի վերաբերյալ, ցույց են տալիս, որ Հայաստանի ղեկավարությունը բոլորովին անկեղծ չէ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման հարցում, ասել է Աբդուլաեւան։ Հայաստանի կողմից ականադաշտերի քարտեզների տրամադրումը «հումանիտար ժեստ» չէ, դա Երեւանի պարտավորությունն էր 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության շրջանակում։ Այդ փաստաթղթի ստորագրումից հետո Ադրբեջանում ականների զոհ է դարձել 219 մարդ, եւ նրանք հիմնականում քաղաքացիական անձինք են, ասել է Աբդուլաեւան։ Ինչ վերաբերում է կալանավորված հայերին չվերադարձնելու մեղադրանքներին, ապա Բաքուն նրանց համարում է դիվերսանտներ, որոնք Ադրբեջանի տարածք են ուղարկվել պատերազմի ավարտից հետո։ Ադրբեջանի հասցեին անհիմն մեղադրանքները կասկածի տակ են դնում հանուն խաղաղության գործելու Հայաստանի պատրաստակամությունը»,- ասել է Աբդուլաեւան։
Այսպիսով, Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթական անգամ մեղքը բարդել է հայկական կողմի վրա եւ հաստատել, որ Բաքուն հրաժարվում է գերիների ազատ արձակելու մասով եռակողմ հայտարարությունը կատարելուց։