Թուրքիայի՝ զարգացած երկրների առաջին տասնյակում հայտնվելը կախված կլինի 2023-ին նախատեսված ընտրություններից. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2023 թվականին կայանալիք համընդհանուր ընտրությունները որպես վճռորոշ է որակել երկրի համար։ Թուրքիայի ղեկավարը չորեքշաբթի Անկարայում մարզային կուսակցական մասնաճյուղերի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է իր գլխավորած իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) առաջնահերթությունների մասին։
«2023 թվականի ընտրությունները կարեւոր են ոչ միայն Էրդողանի եւ ԱԶԿ-ի համար, դրանք կարեւոր են Թուրքիայի համար։ Ընտրողների ընտրությունից կախված կլինի՝ արդյո՞ք Թուրքիան կհայտնվի աշխարհի ամենազարգացած երկրների առաջին տասնյակում»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։
Էրդողանի խոսքով՝ յուրաքանչյուր ընտրություններ կարեւոր եւ «կրիտիկական» են։ Սակայն մեկ տարի անց կայանալիք ընտրություններն առանձնահատուկ նշանակություն ունեն, քանի որ դրանք կորոշեն մինչեւ 2053 թ. երկրի զարգացման վեկտորը:
Թուրքիայում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները կկայանան 2023 թվականի հունիսին։ Դրանք կանցկացվեն հանրապետության հռչակման 100-ամյակի տարում։ Իշխող Ժողովրդական դաշինքը, որի կազմում են Թուրքիայի գլխավորած ԱԶԿ-ն եւ Ազգայնական շարժում կուսակցությունը (ԱՇԿ), ավելի վաղ հայտարարել էր, որ ընտրություններում իրենց միակ թեկնածուն կլինի Էրդողանը: